Բլոգ

  • Ծովը, կանգառն ու էլի դատարկ բաներ

    covy

    Ծովը բարի չէ: Ծովը ներում է միայն ափին նստողներին:

    Ծովը կապուտով է լցնում բոլորիս:

    Ծովը կապույտ չէ՛. նա սպիտակի հեղուկ վիճակն է ու կարմրի բացակայությունը:

    Սուրճը, ծովը և օղին գունազարդում են մեր հոգիները:

    Ամեն աշխատանք էլ մի տեսակ մարմնավաճառություն է. մեկը վաճառում է ձեռքերը, մյուսը` գլուխը, և այլն: Ինչ-որ մեկն էլ աճուրդի է հանել իր հոգու ծովը` իր կապույտը:

    Չէ՛, ծովը կապույտ չէ՛, կապույտը երկնային է: Կապույտը դատարկ է, պարզ ու սառը: Կապույտը մեր պարզությունն է, մեր խիղճը` կուսական վիճակում:

    Ծովը սև է:

    Ծովը սրճի և օղու խառնուրդն է` կլանող ու կախվածություն առաջացնող:

    Օղին` իր ամեն բջջով, խժռում է մեր հոգու կապույտը:

    Աղջի՛կ-փայտ, դու ծովի դուստրն ես` սրճի ու օղու վիժվածքը:

    Ծովն անսահման է. նա է որոշում իր ալֆան և օմեգան:

    Աղջիկ-փայտն այս անգամ էլ է վաճառում իր խիղճը: Նրա խիղճը սրճոտվում է:

    Ճանապարհը շարժում է, շարժումը` կյանք:

    Տունը, աթոռն ու մահճակալը մեր դադարն են` մեր կանգառը:

    Կանգառից անուշ է բուրում: Կանգառից է սկսվում շարժումը: Կանգառը շարժման մասն է:

    Աթոռը ճանապարհի ուղեկիցն է, մահճակալը` վախճանը: Գամվել մահճակալին ու չմտածել շարժման մասին: Սիրել կյանքն ու ատել շարժումը, մի՞թե հնարավոր է:

    Հասկացանք` արմավենիներն իմը չեն: հասկացանք` պապուս տնկած ծիրանենին իմ քույրն է:

    Մահճակալը շարժման ավարտն է ու սկիզբը: Մահճակալը ամեն հորիզոնականի, այդ թվում` սիրո, խորհրդանիշն է:

    Կա՛նգ առ, լրացրո՛ւ դատարկ կանգառը, սեղմվի՛ր դատարկ աթոռին, լցրու դատարկ հոգիդ շարժման սնունդ վառելանյութով ու ծովով ու

    Ժպտա

    Հ.Գ. Թաղի շները հաչացին, ինքնաթիռն անցավ Օրիոնի գոտով, քունս տարավ. ու չբերեց: 

  • Բալուն (օն ժե ՄեդվեԴ, Տոշկա, Դալայ Լամա etc …)

     

    Բալուն հայ նեոգառլախիզմի հայրն է:

    Բալուն գրող-հրապարախոս է, Պիսառ, կիսաեֆրեյտոր ու շատ մաքուր մարդ:

    Բալուն ունի կապեր ինչպես պետական, իշխանական, այնպես էլ կառավարական շրջանակներում (բան չջոԳի):

    Բալուն բարի է միայն այն մարդկանց հանդեպ, ովքեր իր հանդեպ անարդար են գտնվել:

    Բալուն հայ ժամանակակից իրականության մեջ միակն է, ով օգտվում է նամակագրական հին մեթոդներից` սովորական գրավոր նամակից (որոնք միշտ ինչ-որ հայտնի-անհայտ մարդկանց են ուղղված), այդ է պատճառը, որ նա ունի Չլռողի, կամ Թսվողի համբավ:

    Բալուն ակտիվիստ է, սակայն վարում է պասիվ սեռական կյանք:

    Բալուն գՌՌանտակեր չէ. նա գառը գՌՌանտից ավելի է գերադասում:

    Բալուն մի կտոր հոմոֆոբ է, հակասեմական, անԾի-անԾի-քյարթ, չի ընդունում գենդերային հավասարությունը, դեմ է որոշակի մարդկանց իրավունքներին. կառոչե կարգին մարդ:

    Բալուն նույնչափ հետաքրքրվում է եկեղեցիների վիճակով, ինչչափ եկեղեցականները իրենց բենթլիների:

    Բալուն առաջինն է լուսաբանել բանակային ահասարսուռ պատմությունները, սակայն ինքը բանակում ծառայել է ընդհամենը վեցը ամիս, քանի որ ռամսավիկ է (ռամսավիկ-լյավ կապերի տեր մարդ)

    Բալուն հայ երիտասարդական տարատեսակ միությունների միասնականության խորհրդանիշն է, և նա ընդհանրապես միութենական է:

    Բալուն անհաշտ պայքար է մղում պահպանողական գառլախիստների դեմ, սակայն չի ֆինանսավորվում որևէ եվրոպաամերիկյան ժողովրդավարանեոգառլախիստական կազմակերպությունների կողմից:

    Բալուն ընդհանրապես չի ֆինանսավորվում. նա սնվում է բացառապես երկնքից իջած մանանայով, որն Աստված է տվել (իսկ ինքը, շան պես,  Տիրոջը չի՛ ճանաչո՜ւմ, բա):

    Բալուն ընկերությունը դիտարկում է որպես փոխշահավետ համագործակցության մի ձև, սակայն մինչ օրս իր ընկերներից ոչ մի օգուտ չի ստացել. և նա ամենևին էլ ընկերազուրկ չէ, նա ֆեյսբուքում հազարներով ֆռռենդ ունի:

    Բալուն իր հանդիպած առաջին գեղեցիկ աղջկան լայքում է:

    Բալուին սիրում են բոլոր աղջիկները, որոնց չեն սիրում բոլոր տղաները:

    Բալուն չի հանդուրժում Չոռնիին, և դա, ինչեպես սերը, փոխադարձ է:

    Բալուն հանդուրժում է Ծծին, սակայն նրա անվանը որոշակի վերապահումով է մոտենում:

    Բալուն ունի որոշակի նմանություն Բոբոլի հետ, սակայն դա նսեմացնում է Բոբոլին, քանզի Բալուն ավելի կրթված է:

    Բալուն աննմնան է:

    Բալուն ԱՐԻԱԿԱՆ Ա-ՍԵՔՍԻ ջատագովն է, Արթյուր Ռեմբոյի սիրահարը, Գեղամյանին թմբկահարողն ու անկաշկանդ երիտասարդ:

    Բալուն, իրո՛ք, լավ մարդ է:

    Բալուն, իրո՜ք, լավ մարդ է:

    Բալո՞ւն, իրո՞ք, լա՞վ մա՞րդ է՞:

    Հ.Գ. բ՜ա՛՞

  • ՈՒզում եմ

    uzum em

    Ի՞նչ

    Ինչու՞

    Եվ հանուն ինչի՞

    Միգուցե հանուն Հոր,

    Որդու և Ոգվու՞յն Սրբո …

    Չեմ հավատում ես այդ խեղճ Եռյակին:

    Ես ի՞նչ եմ ուզում

    Ուզում եմ ես մի բնակարան

    Ու դատարկ պատեր,

    Ուր չկան նույնիսկ փակցված

    Շատ հին նկարներ:

    Ուզում եմ մի մե՜ծ ու հոտած

    Հեկտար աղբանոց,

    Ուր բանջարեղենի փտած անցքերից

    Նայում են մեզ

    Մի խումբ ճիճուներ

    Ու հսկա աղբանոցի մեջ այդ

    Ուզում եմ,ահա

    Պարող փերիներ…

    Ուզում եմ լինել տասնմեկ րոպե

    Միայն քո գրկում

    Ու հետո թքել այն մահճակալի մեջ

    Ուր մի քիչ առաջ

    Մենք Կյանք էինք ստեղծում:

    Ուզում եմ ապրել նուդիստների այն խեղճ ծովափում

    Ուր Ա(ա)ստված Ի(ի)նքը,ինչ-որ մեկի հետ,

    Սիրով է զբաղվում …

    Ես շա՜տ եմ ուզում ամենաշատը

    Ամենամեծը, ամենալիքը`

    Ոչինչ եմ ուզում …

    Ուզում եմ,ուզում

    Ես ունայնություն`

    Մի դատարկ հեղուկ

    Ու կլոր հրաշք

    Իսկ քեզնից ես մի կյանք եմ ուզում.

    Անունը`դու’ դիր.

    Ես մեկն եմ ուզում

    Բայց գիտես,որ իրականում

    Իմ այս ստոր կյանքում

    Ընդհամենը երկու բան եմ ուզում`

    Աշխարհին խաղաղություն

    Եվ,կամ պոմիդորով ձվածեղ.

    Մեկ տվել ես.

    Իրոք` համեղ էր …

    Դու էլ իմացիր

    Թե ինչ ես ուզում …

    2009ի կողմերը, Մերձավան

  • Երջանկության Պատուհան (ղզիկական շրջանից)

    window

    Արևագալի ժամն էր, երբ մեղմիկ քամին բացեց թույլ փակված պատուհանը:

    Այդ գիշերվա վերջին գունավոր երազը հուշեց, որ արթնանալու ժամն է: Կոպերը դանդաղորեն, կարծես առանց շտապելու, բացվեցին` Թույլատրելով աչքերին համբուրվել արեգակի ճառագայթների հետ: Ձեռքը բնազդաբար երկարեց դեպի ծխախոտի տուփը. Արդեն չորս ժամ է` չէր շնչել թունավոր ծուխը: Հինգ րոպեի չափով հանգիստ պառկած էր, երբ բացված պատուհանից քամին շոյեց, և շշնջաց լռության երգը:

    Սակայն այստեղ մի բան այն չէր: Այս լռությունը նրան կարծես ծանոթ էր: Նա ըմբոշխնել էր այդ երգը իր ամենապայծառ երազներում: Միայն այս անգամ այն թվում էր այնքա՜ն մոտ, այնքա՜ն շոշափելի:

    Իսկ բակում, ինչպես երակներում, սկսել էր եռալ կյանքը: Իհարկե առաջինը դուրս էին իջել մայրերը` նորաթուխ հացի ձեռքբերման ակնկալիքով: Աշխատանքի էին շտապում շենքի բանվորները: Մեծապաշտոն հայրերը թանկարժեք մեքենաներով ուղեկցում էին իրենց մանուկ, բայց և սովածությունից զզվող փորերով զավակներին: Ինչպես անակնկալ` աշխատում էին նույնիսկ ջրցան մեքենաները: Միայն մի երիտասարդ աղջիկ` սևաչ, սևահեր ու գազանային գեղեցկության տիրուհի, անհոգ կանգնած փողոցում, սպասում էր` չգիտես ինչի կամ ում:

    Աչքերը, չենթարկվելով կուսակրոն ու կուսամոլ ուղեղին, սևեռվեցին դեպի նա: Լռության երգի մի նոր ալիք զգաց: Բանականությունը ոչինչ չէր հուշում: Չէր լռում միայն սիրտը: Այն լի էր անակնկալ սիրո մասին բոլոր երկերով ու բանաստեղծություններով:

    Արևագալից հետո պիտի գար նույն ինքը` ատելությունը, որը շատերի կարծիքով սիրո ծայրահեղ դրսևորումն է, չէ որ ամենաքաղցր ուտելիքը, որն իր մեջ պարունակում է չափից շատ շաքար և գլյուկոզա, դա սխտորն է, և դրանից հետո միայն կարելի է եզրակացնել, որ մարդկային զքացումները կամ զքացմունքները շատ դեպքերում չեն համապատասխանում անալիզների արդյունքների, և հաճախ դրանք, ինչպես կասեր հանճարեղ շնածիններից մեկը, զուտ կամ սուտ քաղաքական կատեգորիաներ են: Վերջիվերջո, ինչ է ատելությունը կամ նույն ինքը` սերը. զգացմունքային պոռթկում, հոգով մարմինը գրկելու արվեստ, թե պարզապես բնազդային երևույթ: Կարևորը այն չէ, թե ինչ է սերը, կարևորը դրա ներկայությունը կամ բացակայությունն է, փոխադարձ լինելը կամ` հակառակը: Ինչևէ, չշեղվենք թեմայից, և անցնենք մեր ոչխարներին:

    Ընտրության իրավունքը, որն ի վերուստ տրված է եղել մարդ կոչեցյալին, շեղել էր նրա ամենաբարո միտքը, քանի որ ընտրության դեպքում մարդկային դեռևս սահմանափակ ուղեղը ընթակա է միայն սխալվելուն: Նա նայում էր ցած, տեսնում ամենին և ամենինչ, սակայն ոչ նրան: ՆՐԱՆԻՑ մնացել էին միայն բաղձալի համբույրները, որոնք դեռ երկար կուղեկցեն իրեն իր կյանքում: Ժանգոտած գլխից դուրս էին պրծել աչքերը, որոնք այնքան հաճախ էին մոլորեցրել թերևս միամիտ կանանցիկներին: Երկծականի քիթը շնչում էր իր հարևան բերանից արտազատած սիգարետի ծուխը, ծուխ, որը դարձել էր իր միակ բարեկամն ու կարեկիցը, ծուխ, որ մթագնում էր իր ուղեղը և կործանում միակ անվերադարձնելի առողջությունը:

    Սակայն ծուխն ազդում է օրգանիզմին, այլ ոչ թե հոգուն. հոգուն ազդելուն նրան օգնության է հասնում ատելությունը, որի բացակայությունը ևս մարդկային դասից շեղում է համարվում: Բայց այն, ինչ նա տեսնում էր, ամենևին էլ մարդկային չէր, քանի որ նա էր միակ դիտորդը: Իր ստեղծած այս արկածային ֆիլմում հերոսուհին պիտի վազեր իր հետևից` չնայած նրա` տվյալ ֆիլմում բավականին բարձր դիրք գրավելուն: Դա էր խեղճ սիրահարի չգոյության պատկերացումը կամ իղձը:

    Բայց տղայի ուղեղը հաճախ էր իր մեջ վերլուծություններ անում, թե արդյոք արժի շարունակել այս սիրային արկածները, արդյոք արժի ընկնել մի մարդու, ավելի ճիշտ կնոջ հետևից , եթե նույն ինքը` ամենաանսխալական հասարակությունը յուր անդամներով, աղջկան մի հասարակ պոռնիկի հետ էր համամատում: Բայց սիրտը` ի հակադրումն ուղեղի, որոշ ճշտումներ էր մտցնում,- ” Այո, աղջիկը այն չէ, ինչ երազներում տեսել էիր, բայց արդյոք կյանքդ հետաքրքիր կլիներ, եթե դու չունենայիր ինչ-որ բան փոխելու, այն ավելի լավը կամ քեզ դուրեկանը դարձնելու հնարավորություն: ուրեմն ԴՈՒ ունես այդ հնարավորությունը և պետք է պայքարես այն օգտագործելու համար, եթե նույնիսկ սերդ հանդիպել է աթարին”:

    Տղան դեռ շատ կվերլուծեր իր կյանքն ու սիրային պատմությունները, եթե փողոցում կանգնած աղջկա մոտ չկանգներ մի գեղեցիկ ավտոմեքենա, և. . . և գին չառաջարկեր:

    Տղան առանց որևէ վիրավորանք զգալու իր` այնքան ատելի դարձած էության հանդեպ` հանգիստ փակեց իր երջանկության պատուհանը . . .

    2006-ի կողմերը

  • Բաբելոնից Սիոն երկու մատնաչափ ու մի կես համբույր

    Կամրջից Նետվողը

    _Մոտենում, մոտենում, մոտենում եմ ասֆալտին, վա՜խ …,_ սրանք Կամրջից Նետվողի վերջին խոսքերն էին:

    Ու հիմա նա իր մեռած հարազատների հետ այնտեղ` Սիոնում, քննարկում է սեփական մահը.

    _Ես կարծում էի, որ գոնե վերջին բառերս հանճարեղ կլինեին, որ կգոռային ինչ-որ տարօրինակ հիմարություն, օրինակ` ապրել եմ ուզում, կամ` սիրում եմ քեզ … Բայց նույնիսկ այդ վերջին վարկյաններին մտածում էի իմ մարմնի մասին` այն ավտոբուսի, որ մեզ տանում է կենդանի կյանքի ոլորաններով: Մտածում էի` կարմիր դագաղիս շուրջ հավաքվածները մեծ հետաքրքրությամբ կնայեին ջարդված մռութիս, կամ ձախ աչքիս բացակայության վրա կհրճվեին (թքա՜ծ):

    Ու էլի չէի կարողանա ժպտալ, ցինիկաբար ծիծաղել բոլորի և ամենի վրա: Ա՜խ, իմ ավտոբուս:

    Հ.Գ. Ուղեղիս վերջնական մթագնումից կես ակնթարթ առաջ մի բան է տպավորվել: Ես օդի մեջ սառել եմ ու ընդհամենը կես մատնաչափ հեռու ասֆալտն է` տեսածս վերջին բանը: Ջղաձգումից շուրթերս քթիցս առաջ են ընկել ու մի կես համբույր են նվիրում ասֆալտին:

    Այո՛, էլի հիշել էի քեզ:

  • Ժպոյի հեքիաթը (Չոռնիի ու Մացակի գիտափորձը N 25-149 Ա)

    Ստեղծագործում են Ժպոն ու Մարի-Խուանը

    Մի օր էս Բոյովը ընԳնում ա լիլիպուտների աշխարհ: Չգիտես` խի, էս լիլիպուտների աշխարհում սաղ մրջյուն են լինում:

    Բոյով հսկան լիքը տանջվում ա էս լիլիպուտների աշխարհում: Իրա հետևից են ընԳնում սաղ լիլիպուտներն ու բռնում կապկպում են իրան:

    Բոյովը քացով տալիս ա սաղին, ու սաղ լիլիպուտ մրջյունները ճլըփ-ճլըփ ցխվում են պատին:

    Վերջում բոյովը փախնում ա էս մրջուններից, ու ընԳնում ա բարի փերիների ջանը: Ստե էլ սկսվում ա ամենակայֆոտ պահերը: Բարի փերիները Հոյլանդից լավ խաբար են ունենում մոտները:

    Ախպեր, էսքաՄը բո՞լ ա

    Հ.Գ.  Գիտափորձը կայանում էր նրանում, որ ոչ սթափ վիճակում գտնվող Ժպոյին տրամադրեցին թուղթ և գրիչ, և սպասեցին փորձարկվողի գործողություններին. ի դեպ, առաջին փորձի ժամանակ փորձարկվողը ուղղակի թուղթը փաթաթեց գրիչին, հետո դրանով խողովակ պաՍտրատեց , մեջ լցեց, թրջեց … միայն երկրորդ փորձի ժամանակ, հուշման արդյունքում, նա թուղթն ու գրիչը օգտագործեց ըստ նշանակության:

    Մացակի ու Չոռնիի Գիտափորձի արդյունքում պարզվեց, որ կարեփի տերևների այրումից և օրալ ընդունումով մարդ կարող է կապվել տիեզերական մտքադարանի հետ և այնտեղից նյութեր հավաքել: Այս դեպքում Ժպոյի ոգեշնչման աղբյուրը, կարծես թե,Ջոնաթան Սվիթի Հուլիվերի արկածներն էին, սակայն յուրաքանչյուր իրեն հարգող ծխամոլ կպնդի, որ վերը նշված հեքիաթը  ուղեղը 100-ի տակ ֆռալու արդյունք է:

  • Ինչո՞ւ Մարքսիստական կուսակցությունը, այլ ոչ թե ՀԱԿը պետք է անցնի խորհրդարան, կամ Argumentum Ornithologicum 2

    Ապացույցը զարթարում է ճշմարտությունը

    Եթե ՀԱԿը առաջիկա խորհրդարանական ընտրություններում անցնի խորհրդարան, ապա Աստված գոյություն ունի, քանի որ ժողովրդի ձայնը Տիրոջ ձայնն է:

    Հարցը Աստծո մասնակի Չգոյության մասին է:

    Եթե Աստված գոյություն ունի, ապա խորհրդարան պիտի անցնի նաև Հայաստանի Մարքսիստական կուսակցությունը, որը ՀԱԿ-ի նախատիպ Համաժողովրդական Շարժման  մասն էր կազմում:

    Աստծո գոյությունը մեզ անհրաժեշտ է ` անհնար բաների կատարումը հաստատելու համար:

    Հայաստանի Մարքսիստական  Կուսակցությունը չի կարող անցնել խորհրդարան, քանզի նրա մոտ բացակայում է Երկրորդ Տերը` Մամոնան` փողը: Մամոնայի բացակայության պայմաններում ՀՄԿ-ն պետք է հույսը դնի Առաջին Տիրոջ վրա, քանի որ մեկը չի կարող երկու տիրոջ ծառայել. չի կարող ծառայել Աստծուն և Մամոնային: Իսկ այդ պայմաններում ՀՄԿ-ի մուտքը խորհրդարան անհնարին է:

    Եթե հիշեք, ՄԱԿ անվանվամբ կուսակցության մուտքը խորհրդարան հիմնականում պայմանավորված էր Երկրորդ Տիրոջ ներկայությամբ: Առաջին Տերը` Աստված, առանց Երկրորդ տիրոջ` Մամոնայի, գոյություն չունի, իսկ փողի գոյության պայմաններում` ունի: Այսինքն Մարքսիստական Կուսակցության համար Աստված գոյություն չունի

    Ergo, Աստված գոյություն Չունի մասնակիորեն:

    Հ.Գ. մեղա, մեղա:

  • Хроники Жирика — ըստ Ա.Ա-ի (հայացք դրսից)

    prayer

    Էսօր էս ինչ լյոքշ ա: հավայի դիվանին (մի հա էլ հավայի) փորս եմ մաժում (Դիոգենեսի կայֆերը հիշեցի), քիթս փորփրում: Հա, շատ լյոքշ ա. դզեց, լավ միտք ա, կայնի սրա մասի(Ն) գրեմ: Վերջում էլ մարդկանց խորհուրդ կտամ` մի քիչ շատ լյոքշ լռվեն, որ ստեղծագործեն:

    Արդեն ուրիշ օր. որոշեցի կարդալ կտակարանը (հինը, նորը, իմը). ի վերջո քրիստոնյա եմ (Տերը չլսի): Էջ առ էջ, տող առ տող կարդալով` հավատքս ամրապնդվում է: Հասա պատվիրաններին: Ի՞նչ, չշնանա՞լ: Հմմ… այստեղ зделай  паузу скушай твикс արեցի, հիշեցի` գրապահարանումս Ղուրան կա. այ թե լավ կրոն ա, հա: Ալլահը կայֆեր սիրող տղա ա, կայնի իրան պաշտեմ, կարող ա քիչ արգելքներ լինեն (թենց էլ Աբրահամյան կրոնների տարբերությունը չջոկեցի)… շարունակ էլի…

    ԱնՑԱՎ մի քանի օր: Մոլորվել եմ (նորմալ ա): Ալլահն էլ չթողեց` շնանամ (նույն պատվիրանները փաթաթեց գլխիս): Աչքիս որոշել ա ամեն իգականը իրենով անել: Հիշեցի վաղեմի ծծանոթիս` Թամարիկին (վա՛խ, Թամա՛ր), Բջջայինս փորփրեցի, գտա հեռախոսահամարը (կհեռաձայնեմ(էս բառը բեսամթ դուրս էկել ա )), հիշում  եմ` աթեիստ էր. դառնամ նրա գաղափարակիցը:

    Պռոստը օր. Իսկ հետո երևացին բեռնատարները, ամբողջովին լույսերի մեջ … էս արտահայտուԹՈՒՅՆը Կոլայից քոփի եմ արել, հետո էլ` քոփիռայթ, դրա համար կարծում են` իմն ա: Հե հե, :Ճ

    Ամերիկյան մի օր. Ի՞նչ անել: Լենին պապին ըլներ` կասեր (լիկվիդացնե՞լ) : Ծանոթներս քիչ են, հլը գործ չկա. գնամ միտինգ, չէ՞ որ Անտարբեր չեմ (իսկ անտարբերներին վառում էին, յուհուու): Սկզբից տեսնեմ, թե ուր (կամ` ում) են մտցրել հարկատուներիս փողերը (յանի ես էլ բեսամթ հարկատու եմ), հետո էլ հակառասիստական միտինգի կգնամ (էտ անտիքյառթերի պես բան ա), մեկ ա, որ ռուսաստաններում հարցնեք, սաղ հայերս էլ սև ենք` չոռնի:

    Հատուկ ստեղծագործական` կռեածիվ, օր (քնելուց առաջ էի մտացել վերնագիրը, կամ էլ…): Սուրճը ՊԱՍՏՐԱՏ է, խմեմ` սկսեմ: մենակ թե չեմ հիշում` էսօր ծխում եմ, թե թարգել եմ, դրա համար սուրճս ծխեցի, շոկոլադով քաղցրացրի, անցա բուն թեմային: Սե՞ր. ծամոն ա դառել: Երկար ու հաստ բաներ էլ չեմ գրի: Էհ, Ծծ: Վիճակ ա: հենց էտ էլ կգրեմ:

    Հլը Ամրգա եմ (ես ստե մնացողը չե՛մ) — էս էրգրի վրով (հենց վրով) նոր թեմա չկա, դրա համար կգրեմ` պարսիկ ուսանողի արկածներն Երևանում, վերնագիրը կփոխեմ` Մեքսիկ բանվորի օրագիըը: կպավ:

    ՀոգնածԾ օրեր. հոգնել եմ տասնութերորդ դարի հայ թսիկի կերպարներից ու աթեիստ թամարիկներից, անցնեմ Ա կամ աստծուն, փոսերին etc…

    Բը Գը-ոտ օր. ներոx, հառռփած էի

    Խումար. բխկում եմ

    Ժըպըտացեք.

    Որ էլի բան հիշեմ, կգրեմ.

    Այ վիլլ բի բեք

    Հ.Գ. Շնորհակալություն Ա.Ա. ին, ով նամակի տեսքով ինձ էր ուղարկել այս տեքստը: համարյա փոփոխության չեմ ենթարկել, նկարն էլ է ինքը նկարել: Դատելուց իրան դատեք (վրիցս քցի էլի): Բայց չմոռանանք քարեր նետելու ու անմեղների մասին:

  • Կտրած մանգոյի բույրը (միտք)

    *

    mitq

    Բարև:

    Ծնվել եմ 1963-ին:

    Ինձ արտաքնապես նկարագրելու համար ուղղակի պետք է հիշել Սերվանտեսի Դոն Կիխոտին: Իսկ բնավորությամբ շատ տարբեր եմ. չունեմ հերոսանալու ձգտում: Ընդհանրապես ձգտում չունեմ ու էությամբ շատ անհետաքրքիր մարդ եմ: Մոռացա` լավ շաշկի եմ խաղում:

    1985-ին ամուսնացա:

    Հիշում եմ մի գիշեր, որ տեղի ունեցավ (գիշերներն ամեն օր էլ տեղի են ունենում) ամուսնությանս 2-րդ տարեդարձին (տարելիցի՞ն): Տրամաբանական էր` պիտի նշեինք այդ օրը, մանավանդ նամանավանդ արդեն գտնվում էինք նշելու վայրում` անկողնում: Ամբողջ օրը ներկարարություն էի արել և այնքան հոգնած էի, որ չէի կարող կատարել ամուսնական պարտականություններս (խոսքը տունը փող բերելու մասին չէ) : Չէի էլ ուզում:

    Կինս շրջվեց դեպի ինձ և հիմար ու անիմաստ հայացք ընդունելով` հարցրեց.

    _ Կյանքը՜ս, ի՞նչ ես մտածում (յանի, սեքս անե՞նք)

    _ Մտածում եմ , _մտածեցի (նայելով կնոջս հնամաշ տապոռռ դեմքին),_ կանաչ, քառասունչորս (44), ծաղկում է, բզզաց …

    _Ի՞նչ

    _(Քյարփինջ) Հա, մեկ էլ կտրած մանգոյի բույրը,_ ավելացրի

    _Կյանքը՜ս, ես քեզ չհասկացա,-ունքերը բացվող կամրջի պես դասավորելով` ասաց կինս:

    (հա, դե էտ նորմալ ա,  որ չհասկցար )

    _Հասկանո՞ւմ ես, սիրելի՛ս,_ գլուխս թեքեցի նրա կողմն ու իբր թե լուրջ հայացք ստեղծեցի ,_ ես չեմ կարող արտաբերել, թե ինչ եմ մտածում,_ մի պահ կանգ առա` սպասված անիմաստ հարցը ստանալու`(այսի՞նքնս), հետո չլսելով այն` շարունակեցի,_ ես իրոք որ մտածում եմ  կանաչ, քառասունչորս (44), ծաղկում է, բզզաց ու կտրած մանգոյի բույրը: Մարդիկ միշտ էլ այդպես են մտածում: Մեր մտքերը մեզ ուղղակի բառերի միջոցով չեն տրվում այլ` տեսաձայնային:

    Օրինակ` դու կարող ես մտածել` ճամպրուկ, շվվոց, աղբահոտ ու շոկոլադի համ: Որպեսզի այդ ամենը բառերի վերածենք, կարելի է մի իրադրություն պատկերացնել. օրինակ, որ դու կանգնած ես գնացքի կայարանում, որտեղից պիտի մեկնես հորդ մոտ` Թիֆլիս: Ձեռքիդ ճամպրուկ կա, լսվում է մոտեցող գնացքի ազդանշանը, դիմացովդ անցնում է մի մուրացկան, որ գարշահոտությամբ է պատված, իսկ դու այդ ընթացքում փորձում ես համտեսել մորդ տված շոկոլադը, որ այնքա՜ն շատ ես սիտում: Հենց այդպես էլ դու ես մտածում` ճամպրուկ, շվվոց, աղբահոտ ու շոկոլադի համ: 

    Կարճ ընդմիջումից հետո կինս շարունակեց.

    _ Ճիշտն ասած` ասածիցդ քիչ բան հասկացա ,_այդ արտահայտությունը ինձ չզարմացրեց. երևի սովորել էի նրա բթամտությանը,_ այնուամենայնիվ,_ (դժվարությամբ արտասանեց “այնյուաամենյավին”ը),_ կարո՞ղ ես բացատրել` ի՞նչ է նշանակում կանաչ, քառասունչորս (44), ծաղկում է, բզզաց …

    _Լավ,_ լարեցի ուժերս,_պատկերացրու, թե ինչ ասոցացիաներ են առաջանում, երբ ասում ես կանաչ

    _ Բնություն …,_ շտապեց դմբոն

    _ Ճի՛շտ ես ,- ես էլ ընդհատեցի նրան, որպեսզի ավելորդ հիմարություններ դուրս չտա,_ իմ մտածած կանաչը բնությունն է: Քառասունչորս  (44) ասելիս կարելի է պատկերացնել երկու մահ,_ նայեցի առաստաղին, որ չտեսնեմ կնոջս վախվորած հայացքը, և ասելիքս չընդհատվի,_ կարող ես չվախենալ: Ուղղակի չորս (4) թիվը պատկերացնելիս մտքիս մահ բառն է գալիս: Ինչ-որ տեղ լսել եմ, որ չինական այն հիերոգլիֆը, որը մահ է նշանակում, շատ նման է արաբական 4 թվին, ուղղակի պառկած վիճակում: 44-ը կարելի է դիտել որպես երկու անձնավորություն, որոնք ուղղակի պառկած են: Չէ՞ որ մահվան դիրքը, սովորաբար, պառկածն է: Բայց այդքանով “մահ” բառը ավարտում է իր գործառույթը:

    Ergo, 44 նշանակում է` 2 պառկած անձնավորություն,_ լսեցի, որ կինս շունչ քաշեց, _ ինչ վերաբերվում է “Ծաղկում է“-ին: Բնություն է` կանաչ, երկու պառկած անձնավորություն` քառասունչորս (44), գեղեցիկ գարնանային օր է (կոֆեի բաժակ նայելու պես բան ստացվեց), և շուրջտ նայելիս կարելի է տեսնել բնության զարթոնքը` “ծաղկում է“: Քառասունչորսը (44) նայում են երկինք, իսկ այդ տեսարանին խանգարում է (կամ լրացնում) մի մայիսյան բզեզ, որն այնպես է ուշադրություն գրավում, ինչպես այն ճանճերը, որ հետաքրքիր ֆիլմի դիտման ժամանակ նստում են հեռուստացույցի էկրանին. “բզզաց“:

    Իսկ ի՞նչ է կարելի ասել կտրած մանգոյի բույրի մասին: Մի տեղ կարդացել եմ աֆրոդիզիակների մասին: Աֆրոդիզիակ բառի հիմքը Աֆրոդիտեն է` սիրո հունական աստվածուհին (կամ հունական սիրո աստվածուհին): Մանգոն պատկանում է մրգերի այն շարանին, որոնք մարդու ուղեղում իբր-թե առաջացնում են սիրային զգացումներ: Հենց այդ մրգերն էլ աֆրոդիզիակներ են:

    Մտածում եմ` “կտրած մանգոյի բույրը“,_ մի պահ կանգ առա: Չզգացի` կինս հետաքրքրությամբ էր լսում, թե` ոչ: Կարծեցի` ոչ, քանի որ դմբլոն հազիվ թե հասկանար ասելիքս: դեմքին նայելով` նկատեցի հետաքրքրվողի դիմածռություն: Երևի լավ դերասանուհի է: Փորձեցի ասել այնպիսի բառեր, որ սփոփի նրան, միաժամանակ ինձ ազատելով ամուսնական պարտականություններս կատարելուց (տուն արդեն փողը բերել էի): Հայացքս նորից ուղղեցի առաստաղին: Ասացի.

    _ Քառասունչորսը (44) պառկած է գարնանային զվարթ պարտեզում, ծաղկում է, բզզաց, կտրած մանգոյի բույրը սեր է տալիս,_կարճ կանգառ,_ մտածում եմ,_ երկար կանգառ,_ ես քեզ սիրում եմ,_ հայացքս առաստաղից տեղափողեցի կնոջս դեմքին: Առաստաղը ու նրա դեմքը ամենևին էլ տարբեր չէին: Կինս կիսաքուն (բայց լռիվ անքուն) արտաբերեց.

    _Ես էլ…

    Շատ բախտավոր եմ:

    Քնեց:

    Հ.Գ.1 Այստեղ ուզում էի ավարտել պատմվածքս, սակայն պատմվածքը ընկերոջս` Չոռնիին պատմելուց հետո, նա ինձ ասաց, որ կա դրամատուրգիայի պակաս (էտ մամենտը ,դուզն ասած, լավ չջոկի, բայց փորձեմ շարունակել` ըստ նրա խորհրդի): (Ի միջի այլոց. “ի՞նչ ես մտածում” հարցը տվել է Չոռնիի ընկերուհին, այնպես որ, որպես աղբյուր նրան ենք պարտական): 

    *

    res in peace

    1985-ի Այդ գիշերը, կնոջս քնելուց հետո, աջ ձեռքս մի կերպ նրա վզի տակից հանելով, միացրի ձախիս, դրեցի գլխիս տակ ու սկսեցի մտածել… Կանաչ, քառսունչորս (44), ծաղկում է, բզզաց…

    1968-ին հինգը տարեկան էի: Գարուն էր: Երկու օր չհասկացա` ինչո՞ւ էին մեր տան բոլոր հայելիները սավանով պատվել: Երրորդ օրն ինձ հիացրին դուդուկի հնչյունները: Հորեղբայրս բռնել էր ձեռքս: Հողի տակ իջեցրին երկու փայտե տուփ: Քահանան ասաց` Տեր Ողորմեան (այդքանը հիշում եմ):

    Կային գեղեցիկ ծաղիկներ: Հորեղբայրս շշնջաց ականջիս.

    _ Պապան ու մաման էլ չկան:

    Ավտովթարի զոհ էին դարձել:

    Դեռ մանկուց հաճախ էի լինում գերեզմանատանը (տանը): Ամեն տարելից էլ ավելի տպավորիչ էր դառնում: Միշտ նույն գարնանային զվարթ օրը` կանաչ, գերեզմանաքարին երկու դեմք` քառասունչորս (44):

    Հայրս բնավորությամբ էր Դոն Կիխոտին նման, բայց ոչ արտաքնապես: Մայրս կնոջս պատկերն էր (ոնց որ նույն արյունից ու մսից լինեին): Երևի դրա համար սրան առա: Ծաղկում է … բզզաց…

    Վաղը ծնողներիս մահվան տասնյոթերորդ տարելիցն է:

    Իսկ ի՞նչ է նշանակում կտրած մանգոյի բույրը

    Հ.Գ.2 Այնուամենայնիվ, ուզում եմ ավարտել ամերիկաբար` խեփի էնդ-ով

    Ես

    Մտածում եմ

    Որ

    Սիրում եմ:

    Քնեցի:

    06.06.10 Մերձավան

  • Ծուխը

    Մտածե՞լ ես` ուր է գնում ծուխը:

    smoke

    Պարզորոշ տեսնում ես նրա ծնունդը, սակայն աներևակայելի է նրա վախճանը:

    Կուզե՞իր լինել այդ ծխի մի մասնիկը, շարժվեիր ու գալարապտույտներ կատարեիր քո ընկեր-ծուխ-մասնիկների հետ միասին, փարվեիր օդին ու լսեիր այն մեղմ երաժշտությունը, որն առաջանում է քո և օդի մասնիկների հետ շփումից: Հետո անջատվեիր քո ընկեր-ծուխ-մասնիկներից ու հառնեիր դեպի անսահմանությունը:

    Եթե ծխամոլ ես, հաճախ պատահած կլինի, որ աչքերդ սառեն սեփական ծխախոտի ծխի վրա: Երբ սառչում են աչքերդ, սառչում ես նաև դու, սառչում է նաև քո ամեն մի օրգանը: Քո սառած ոսկրածուծից միայն ծուխ է ելնում: Դու դառնում ես ծուխ: Շարունակում ես քեզ իմաստավոր, բայց իրականում անհեթեթ հարցերով զբաղեցնել:

    Էհ, Argumentum ornithologicum:

    Մտածում ես` արդյոք դու այն ծուխը ես, որ երևում է կրակի ժամանակ, թե այն մյուսը, որ ծնունդն է մեռած կրակի:

    Շուրջտ ես նայում. ծխում է ամբողջ Երկիրը: Օվկիանոսներն իրենց դարդն են ծխում, լեռներն իրենցը, իսկ երկինքը … երկինքը մեր դարդն է ծխում:

    Ծխում է նաև այն խեղճ ծղրիդը, որն ընկել է հետաքրքրասեր մանչուկի ձեռքը, իսկ  վերջինս, վերցնելով մի բարակ ցողուն, մխրճել է խեղճ ծղրիդի կարծեցյալ բերանի տեղը, և ստիպում է ծխել, ասելով, որ նրա հորն ու մորը այդ մասին ոչինչ չի  ասի: Ծխում է հագուստդ ու ժպիտդ, ծխում է թշնամիդ ու հարևանիդ այն որդին, որն այս տասը տարիների ընթացում քեզ անծանոթ մնաց: Ծխում է նաև այն կեսդ, որ դու չես, բայց քեզնից հարազատ ես համարում:

    Չգիտես` ինչու, բացում ես Աստվածուշունչը` Հովելի մարգարեությունը, ուր Տերն ասում է. “Վերը` երկնքում, հրաշքներ պիտի ցույց տամ, իսկ ներքևում` երկրի վրա, նշաններ. աշխարհը արյունով, կրակով ու թանձր ծխով պիտի լցվի”:

    Դու չգիտես` որտեղ է այդ արյունն ու կրակը, բայց որ հենց դու ես այդ թանձր ծուխը, հաստա՛տ: Ուզում ես թաղել պատերազմի տապարն ու Աստծո հետ ծխել խաղաղության ծխամորճը: Չէ՞ որ քո ընկերակից Աստվածն էլ է ծուխ, այլապես ո՞ւ է հառնում կրակի հետևանքը` դու:

    Ծուխը սլանում է դեպի վեր` դեպի Տիրոջ արքայություն և վերափոխվելով մի մոխրագույն ու հիշաչար ամպի` լալիս է քո ծխացող գերեզմանին:

    Կծխա՞ս այն երջանիկ օջախի երդիկից, որը քեզ կյանք է տվել:

    Կուզե՞ս ծխալ այն մատաղացու ողջակեզ գառնուկի պես

    Կուզե՞ս լինել ամենամոտ հարազատիդ թոքերը թունավորող ծխախոտի ծուխը:

    Կուզե՞ս լինել այն ծուխը, որ վեր է հառնում կանեփի դեզերից ու ստիպում աշխարհին հալչել ու սատանայաբար ժպտալ:

    Կուզե՞ս լինել սիրեցյալիդ շուրթերին փարվող ծուխը, կամ այն մյուսը, որը թեև դուրս է գալիս աղբանոցից, բայցևայնպես ստեղծում է աչքինշատ հաճելի մառախուղ

    Լինել հրաբխային թանձր ծուխ, գետնին տապալվող երկնաքարի վերջին երգ, կամ ծխաս ան խեղճ հնդիկից, որ փոշիանում ու հանգչում է Գանգեսի ջրերում:

    Կարո՞ղ ես լինել գրածիս վերջին պարբերությունը, որ պիտի վերջ դնի այս կրակին ու ծխա

    Հ.Գ. Էսօր էլ, առաջվա պես, ծխում եմ: Ծխե՞ս:

    03/06/10 Մերձավան