Ծովը բարի չէ: Ծովը ներում է միայն ափին նստողներին:
Ծովը կապուտով է լցնում բոլորիս:
Ծովը կապույտ չէ՛. նա սպիտակի հեղուկ վիճակն է ու կարմրի բացակայությունը:
Սուրճը, ծովը և օղին գունազարդում են մեր հոգիները:
Ամեն աշխատանք էլ մի տեսակ մարմնավաճառություն է. մեկը վաճառում է ձեռքերը, մյուսը` գլուխը, և այլն: Ինչ-որ մեկն էլ աճուրդի է հանել իր հոգու ծովը` իր կապույտը:
Չէ՛, ծովը կապույտ չէ՛, կապույտը երկնային է: Կապույտը դատարկ է, պարզ ու սառը: Կապույտը մեր պարզությունն է, մեր խիղճը` կուսական վիճակում:
Ծովը սև է:
Ծովը սրճի և օղու խառնուրդն է` կլանող ու կախվածություն առաջացնող:
Օղին` իր ամեն բջջով, խժռում է մեր հոգու կապույտը:
Աղջի՛կ-փայտ, դու ծովի դուստրն ես` սրճի ու օղու վիժվածքը:
Ծովն անսահման է. նա է որոշում իր ալֆան և օմեգան:
Աղջիկ-փայտն այս անգամ էլ է վաճառում իր խիղճը: Նրա խիղճը սրճոտվում է:
Ճանապարհը շարժում է, շարժումը` կյանք:
Տունը, աթոռն ու մահճակալը մեր դադարն են` մեր կանգառը:
Կանգառից անուշ է բուրում: Կանգառից է սկսվում շարժումը: Կանգառը շարժման մասն է:
Աթոռը ճանապարհի ուղեկիցն է, մահճակալը` վախճանը: Գամվել մահճակալին ու չմտածել շարժման մասին: Սիրել կյանքն ու ատել շարժումը, մի՞թե հնարավոր է:
Հասկացանք` արմավենիներն իմը չեն: հասկացանք` պապուս տնկած ծիրանենին իմ քույրն է:
Մահճակալը շարժման ավարտն է ու սկիզբը: Մահճակալը ամեն հորիզոնականի, այդ թվում` սիրո, խորհրդանիշն է:
Կա՛նգ առ, լրացրո՛ւ դատարկ կանգառը, սեղմվի՛ր դատարկ աթոռին, լցրու դատարկ հոգիդ շարժման սնունդ վառելանյութով ու ծովով ու
Ժպտա
Հ.Գ. Թաղի շները հաչացին, ինքնաթիռն անցավ Օրիոնի գոտով, քունս տարավ. ու չբերեց: