Երջանկության Պատուհան (ղզիկական շրջանից)

window

Արևագալի ժամն էր, երբ մեղմիկ քամին բացեց թույլ փակված պատուհանը:

Այդ գիշերվա վերջին գունավոր երազը հուշեց, որ արթնանալու ժամն է: Կոպերը դանդաղորեն, կարծես առանց շտապելու, բացվեցին` Թույլատրելով աչքերին համբուրվել արեգակի ճառագայթների հետ: Ձեռքը բնազդաբար երկարեց դեպի ծխախոտի տուփը. Արդեն չորս ժամ է` չէր շնչել թունավոր ծուխը: Հինգ րոպեի չափով հանգիստ պառկած էր, երբ բացված պատուհանից քամին շոյեց, և շշնջաց լռության երգը:

Սակայն այստեղ մի բան այն չէր: Այս լռությունը նրան կարծես ծանոթ էր: Նա ըմբոշխնել էր այդ երգը իր ամենապայծառ երազներում: Միայն այս անգամ այն թվում էր այնքա՜ն մոտ, այնքա՜ն շոշափելի:

Իսկ բակում, ինչպես երակներում, սկսել էր եռալ կյանքը: Իհարկե առաջինը դուրս էին իջել մայրերը` նորաթուխ հացի ձեռքբերման ակնկալիքով: Աշխատանքի էին շտապում շենքի բանվորները: Մեծապաշտոն հայրերը թանկարժեք մեքենաներով ուղեկցում էին իրենց մանուկ, բայց և սովածությունից զզվող փորերով զավակներին: Ինչպես անակնկալ` աշխատում էին նույնիսկ ջրցան մեքենաները: Միայն մի երիտասարդ աղջիկ` սևաչ, սևահեր ու գազանային գեղեցկության տիրուհի, անհոգ կանգնած փողոցում, սպասում էր` չգիտես ինչի կամ ում:

Աչքերը, չենթարկվելով կուսակրոն ու կուսամոլ ուղեղին, սևեռվեցին դեպի նա: Լռության երգի մի նոր ալիք զգաց: Բանականությունը ոչինչ չէր հուշում: Չէր լռում միայն սիրտը: Այն լի էր անակնկալ սիրո մասին բոլոր երկերով ու բանաստեղծություններով:

Արևագալից հետո պիտի գար նույն ինքը` ատելությունը, որը շատերի կարծիքով սիրո ծայրահեղ դրսևորումն է, չէ որ ամենաքաղցր ուտելիքը, որն իր մեջ պարունակում է չափից շատ շաքար և գլյուկոզա, դա սխտորն է, և դրանից հետո միայն կարելի է եզրակացնել, որ մարդկային զքացումները կամ զքացմունքները շատ դեպքերում չեն համապատասխանում անալիզների արդյունքների, և հաճախ դրանք, ինչպես կասեր հանճարեղ շնածիններից մեկը, զուտ կամ սուտ քաղաքական կատեգորիաներ են: Վերջիվերջո, ինչ է ատելությունը կամ նույն ինքը` սերը. զգացմունքային պոռթկում, հոգով մարմինը գրկելու արվեստ, թե պարզապես բնազդային երևույթ: Կարևորը այն չէ, թե ինչ է սերը, կարևորը դրա ներկայությունը կամ բացակայությունն է, փոխադարձ լինելը կամ` հակառակը: Ինչևէ, չշեղվենք թեմայից, և անցնենք մեր ոչխարներին:

Ընտրության իրավունքը, որն ի վերուստ տրված է եղել մարդ կոչեցյալին, շեղել էր նրա ամենաբարո միտքը, քանի որ ընտրության դեպքում մարդկային դեռևս սահմանափակ ուղեղը ընթակա է միայն սխալվելուն: Նա նայում էր ցած, տեսնում ամենին և ամենինչ, սակայն ոչ նրան: ՆՐԱՆԻՑ մնացել էին միայն բաղձալի համբույրները, որոնք դեռ երկար կուղեկցեն իրեն իր կյանքում: Ժանգոտած գլխից դուրս էին պրծել աչքերը, որոնք այնքան հաճախ էին մոլորեցրել թերևս միամիտ կանանցիկներին: Երկծականի քիթը շնչում էր իր հարևան բերանից արտազատած սիգարետի ծուխը, ծուխ, որը դարձել էր իր միակ բարեկամն ու կարեկիցը, ծուխ, որ մթագնում էր իր ուղեղը և կործանում միակ անվերադարձնելի առողջությունը:

Սակայն ծուխն ազդում է օրգանիզմին, այլ ոչ թե հոգուն. հոգուն ազդելուն նրան օգնության է հասնում ատելությունը, որի բացակայությունը ևս մարդկային դասից շեղում է համարվում: Բայց այն, ինչ նա տեսնում էր, ամենևին էլ մարդկային չէր, քանի որ նա էր միակ դիտորդը: Իր ստեղծած այս արկածային ֆիլմում հերոսուհին պիտի վազեր իր հետևից` չնայած նրա` տվյալ ֆիլմում բավականին բարձր դիրք գրավելուն: Դա էր խեղճ սիրահարի չգոյության պատկերացումը կամ իղձը:

Բայց տղայի ուղեղը հաճախ էր իր մեջ վերլուծություններ անում, թե արդյոք արժի շարունակել այս սիրային արկածները, արդյոք արժի ընկնել մի մարդու, ավելի ճիշտ կնոջ հետևից , եթե նույն ինքը` ամենաանսխալական հասարակությունը յուր անդամներով, աղջկան մի հասարակ պոռնիկի հետ էր համամատում: Բայց սիրտը` ի հակադրումն ուղեղի, որոշ ճշտումներ էր մտցնում,- ” Այո, աղջիկը այն չէ, ինչ երազներում տեսել էիր, բայց արդյոք կյանքդ հետաքրքիր կլիներ, եթե դու չունենայիր ինչ-որ բան փոխելու, այն ավելի լավը կամ քեզ դուրեկանը դարձնելու հնարավորություն: ուրեմն ԴՈՒ ունես այդ հնարավորությունը և պետք է պայքարես այն օգտագործելու համար, եթե նույնիսկ սերդ հանդիպել է աթարին”:

Տղան դեռ շատ կվերլուծեր իր կյանքն ու սիրային պատմությունները, եթե փողոցում կանգնած աղջկա մոտ չկանգներ մի գեղեցիկ ավտոմեքենա, և. . . և գին չառաջարկեր:

Տղան առանց որևէ վիրավորանք զգալու իր` այնքան ատելի դարձած էության հանդեպ` հանգիստ փակեց իր երջանկության պատուհանը . . .

2006-ի կողմերը

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s