Մտածե՞լ ես` ուր է գնում ծուխը:
Պարզորոշ տեսնում ես նրա ծնունդը, սակայն աներևակայելի է նրա վախճանը:
Կուզե՞իր լինել այդ ծխի մի մասնիկը, շարժվեիր ու գալարապտույտներ կատարեիր քո ընկեր-ծուխ-մասնիկների հետ միասին, փարվեիր օդին ու լսեիր այն մեղմ երաժշտությունը, որն առաջանում է քո և օդի մասնիկների հետ շփումից: Հետո անջատվեիր քո ընկեր-ծուխ-մասնիկներից ու հառնեիր դեպի անսահմանությունը:
Եթե ծխամոլ ես, հաճախ պատահած կլինի, որ աչքերդ սառեն սեփական ծխախոտի ծխի վրա: Երբ սառչում են աչքերդ, սառչում ես նաև դու, սառչում է նաև քո ամեն մի օրգանը: Քո սառած ոսկրածուծից միայն ծուխ է ելնում: Դու դառնում ես ծուխ: Շարունակում ես քեզ իմաստավոր, բայց իրականում անհեթեթ հարցերով զբաղեցնել:
Էհ, Argumentum ornithologicum:
Մտածում ես` արդյոք դու այն ծուխը ես, որ երևում է կրակի ժամանակ, թե այն մյուսը, որ ծնունդն է մեռած կրակի:
Շուրջտ ես նայում. ծխում է ամբողջ Երկիրը: Օվկիանոսներն իրենց դարդն են ծխում, լեռներն իրենցը, իսկ երկինքը … երկինքը մեր դարդն է ծխում:
Ծխում է նաև այն խեղճ ծղրիդը, որն ընկել է հետաքրքրասեր մանչուկի ձեռքը, իսկ վերջինս, վերցնելով մի բարակ ցողուն, մխրճել է խեղճ ծղրիդի կարծեցյալ բերանի տեղը, և ստիպում է ծխել, ասելով, որ նրա հորն ու մորը այդ մասին ոչինչ չի ասի: Ծխում է հագուստդ ու ժպիտդ, ծխում է թշնամիդ ու հարևանիդ այն որդին, որն այս տասը տարիների ընթացում քեզ անծանոթ մնաց: Ծխում է նաև այն կեսդ, որ դու չես, բայց քեզնից հարազատ ես համարում:
Չգիտես` ինչու, բացում ես Աստվածուշունչը` Հովելի մարգարեությունը, ուր Տերն ասում է. “Վերը` երկնքում, հրաշքներ պիտի ցույց տամ, իսկ ներքևում` երկրի վրա, նշաններ. աշխարհը արյունով, կրակով ու թանձր ծխով պիտի լցվի”:
Դու չգիտես` որտեղ է այդ արյունն ու կրակը, բայց որ հենց դու ես այդ թանձր ծուխը, հաստա՛տ: Ուզում ես թաղել պատերազմի տապարն ու Աստծո հետ ծխել խաղաղության ծխամորճը: Չէ՞ որ քո ընկերակից Աստվածն էլ է ծուխ, այլապես ո՞ւ է հառնում կրակի հետևանքը` դու:
Ծուխը սլանում է դեպի վեր` դեպի Տիրոջ արքայություն և վերափոխվելով մի մոխրագույն ու հիշաչար ամպի` լալիս է քո ծխացող գերեզմանին:
Կծխա՞ս այն երջանիկ օջախի երդիկից, որը քեզ կյանք է տվել:
Կուզե՞ս ծխալ այն մատաղացու ողջակեզ գառնուկի պես
Կուզե՞ս լինել ամենամոտ հարազատիդ թոքերը թունավորող ծխախոտի ծուխը:
Կուզե՞ս լինել այն ծուխը, որ վեր է հառնում կանեփի դեզերից ու ստիպում աշխարհին հալչել ու սատանայաբար ժպտալ:
Կուզե՞ս լինել սիրեցյալիդ շուրթերին փարվող ծուխը, կամ այն մյուսը, որը թեև դուրս է գալիս աղբանոցից, բայցևայնպես ստեղծում է աչքինշատ հաճելի մառախուղ
Լինել հրաբխային թանձր ծուխ, գետնին տապալվող երկնաքարի վերջին երգ, կամ ծխաս ան խեղճ հնդիկից, որ փոշիանում ու հանգչում է Գանգեսի ջրերում:
Կարո՞ղ ես լինել գրածիս վերջին պարբերությունը, որ պիտի վերջ դնի այս կրակին ու ծխա
Հ.Գ. Էսօր էլ, առաջվա պես, ծխում եմ: Ծխե՞ս:
03/06/10 Մերձավան
ծուխը գնաց- գնաց ուր պիտի հասնի, Ամերիկա, Ամեռիկայում ծուխի գույնը ինչ գույնիա?
Մերձավանոտ վախտերտ լաոել գրում էիր փաստորփն հա
ես գրող տղա չեմ ;Ճ ու նամանավանդ գրող հրապարակախոս ;Ճ