Tag: հավայի թեգ ;Ճ

  • Վալերի Պիլար Մինգուա (Կարմիր) Valerie Pilar Mingua (Red)

    Քո կարմրին մի քիչ կապույտ

    Ու քաղցր կյանքը հաստատ է,

    Շատ որ ուզես, Տերը կտա,

    Է՜հ, լատի՛նա մամասիտա:

    Քո ժպիտին շատ քիչ արցունք

    Ու տան օջախը վառ է:

    Հենց ամուսնուդ վիզը ճտա …

    Է՜հ, լատի՛նա մամասիտա:

    Քո բալեքի տերը դու ես,

    Քո ոտքերն են միան քոնը,

    Ծուռ ճամփեքին սիրտդ գտա,

    Է՜հ, լատի՛նա մամասիտա:

    Քո աչքերին դառը գինի

    Պիտի լցնեն գալոններով,

    Ու թե ծովդ էլ չծփա …

    Է՜հ, լատի՛նա մամասիտա:

    Քո շուրթերին թող որ հանգչեն,

    Թող որ հանգչե՛ն քո շուրթերին,

    Ո՞վ հանգուցված սիրտդ մտավ,

    Է՜հ, լատի՛նա մամասիտա:

    Էլ մի՛ կծկվիր ինքդ քո մեջ,

    Տարիներդ մաշվում են,

    Հա՛, դու նույնն ես, նո՛ւյն չիկիտան,

    Է՜հ, լատի՛նա մամասիտա:

  • վերջում, ամենավերջում, վերնագիր

    ինձ չեն հետաքրքրում

    _Մարիհուանայի ծխի տակ մնացած էս աշխարհը,

    միայն ու միակ ԲԱՐև տալու ցանկությունը,

    դռդռացող հեռախոսազանգերը,

    բարի լինելու ցանկությունը,

    փողը,

    աստված,

    դեպրեսիան,

    փառքը,

    ընդվզումն ու հնազանդությունը,

    սևն ու ծիածանով ներկող դաշտերի ծաղիկները,

    երթուղային տաքսիների քաղաքական որոշումները,

    կիսակույս աղջիկների` չափն անցած շպարը,

    հեղափոխական լոզունգները,

    խաղաղությունն ու կերածդ վերջին բրդուճը,

    գլոբալիզացիան ու երկրագնդի ջերմաստիճանի բարձրացման ահագնացող վտանքը,

    անդագաղ մնացած շրջած սեղանը,

    իմ ազատությունը սահմանափակելու քո ցանկությունը,

    փողոցի կատուներն ու ներվեր քայքայող դանդաղ ինտերնետային կապը,

    ձրի խանդը,

    անլվա մորուքներն ու ազգային գաղափարախոսությունը,

    ինչ-որ բան փոխելու ցանկությունը,

    շների ոռնոցն ու վարդագույն հիպոպոդամ ունենալու երազանքը,

    ձրի աշխատանքն ու հրապարակում չրթող մեր ՄԵԾ ազգը,

    սոցիալական ցանցերն ընկած պատանու ուղեղը,

    ճիչը,

    անկումը,

    սրտխառնոցը,

    մաշված էրոտիկ գրականությունը,

    քելեխդ ուտելու միշտ պատրաստ բարեկամդ,

    ***

    կոռումպացված կառավարությունը,

    կլեյ քաշելու կայֆը,

    միավորված եսիմինչերի կազմակերպությունները,

    իր երեխային վաճառող տավարը,

    ողորմության ձեռք մեկնողը,

    քահանայի զենքերն ու ապարանքները,

    պոռնիկի հավատքը,

    մարսեցիների հաճախակիացող այցելումները,

    գլամուր պահվածքը,

    ժպտացող անատամները,

    նողկանքի հասնող գուրգուրանքները,

    դիսցիպլինան,

    մեր վերջին տանգոն,

    քաղաքը մաքուր պահելու հրամայականը,

    ցեղակրոն ապուշները,

    առաջին կրքոտ հայացքը,

    ավելին իմանալու ձգտումը,

    պոպուլիզմով տառապող ավանակները,

    քեզ լավ մարդ պատկերացնելու ներշնչանքը,

    գոնե մաշնա ունենալու ցանկությունը,

    ընտանեկան ջերմությունը,

    աստվածային ներողամտությունը,

    կրոջդ պատրաստած անհրապույր ապուրը,

    կողակցիդ ճպչպոցը,

    ուսումը,

    սեփական հարսանիքի արարողությունը,

    վերջում քո ասածը պնդելու միտումը,

    մուրացիկ երեխայի ու իր ուռչակ պապայի դրամապանակների քաշի տարբերությունը,

    հին սիրուհու երեխայի առողջությունը,

    տատիկների մահը,

    աշխարհի ստեղծման գաղտնիքը,

    ամեն օր նույն բաճկոնը հագնելու սովորությունը,

    քրտնաջան աշխատանքն ու անկազմակերպ նշանդրեքը,

    զույգ ծաղիկների կենացն ու օղորմաթասը,

    քեզ մաքսիմալ տնավարի ցույց տալու անօգուտ քայլերը

    ***

    Սուրբ ձևացնելու ձգտումդ,

    ամենին օգնելու ցանկությունը,

    վարձու սոցիոլոգիան,

    գնաճն ու աշխատավարձի չարդարացված ավելացումը,

    բետոնի վրա պայքարող կանաչները,

    անհիմն մտքերն ու դրանից բխող անքնությունը,

    աշխատանքային հաջողություններն ու հոգուդ չհագեցող ծարավը,

    անծանոթի երեխայի ժպիտն ու հենց այդ երեխայից ունենալու երազանքդ,

    աղի բացակայությունն ու անաղուհաց հարևանդ,

    հեղափոխության երաժշտությունն ու եկեղեցու ղողանջները,

    անբռնազբոսիկ զբոսաշրջիկն ու վարդակար ներքնազգեստդ,

    կյանքիդ առաջին Ռոմեոն ու վերջին Ջուլիետը,

    Սապֆոյից բարձր դասվելու քո հեռանկարը,

    քեզ սիրել տալու սիզիփոսյան աշխատանքդ,

    բերանդ ավգյան ախոռի վերածումը,

    ընտանիքիդ կողմից գլխիդ կախված քո ամուսնության դամոկլյան սուրը,

    քեզ սիրողի դանայան տակառ սիրտը,

    մեր անիմաստ կռվախնձորը,

    մեր մոտալուտ գորդյան հանգուցալուծումը,

    տակառ գլորելուն և ոչինչ չանելունմիտված իմ գործողությունները,

    Հայր ԵՐԿՆԱՎՈՐԻՆ, թե ՄԱՅՐ ԵՐԿՐԱՎՈՐԻՆ հավատալու մեր տատանումը,

    ագրեսիան,

    էքսպանսիան,

    հանգստացնող օրգազմն ու հենց դրա մառազմը,

    անժամանակ էռեկցիան ու մորաքույրիդ չստացված գալուստը,

    ***

    Խաբեության մոլուցքը,

    ատելության սինդրոմներդ,

    ճենապակյա դիմապատկերդ,

    անտաշ հռհռոցդ,

    կարմրացող սերը,

    դիմացիններին ոտնահարելու գազանային ձգտումը,

    արդեն փոխված, բայց անփոփոխ աշխարհը,

    գիտության վերջին նվաճումները,

    համաշխարհային խելագարությունը,

    սոցկայքերի ոսկեդարը,

    սովորական շփման պակասը,

    իրար կողք լինելու իբր սովորական ցանկությունը,

    թաց ու գազանային շպարը,

    կարմիրի հետ պարը ու

    երկուսիս տանջող վերևում գտնվող Հոպարը, իր Տղան ու էն Ուրվականը, որ շրջում է ջրերի վրայով,

    մշուշում կորած ոզնին ու սատկող արջուկը,

    գիտելիքները,

    բացթողնված լուրջ դասախոսություն,

    ապագան, ու

    ու քո հին ու նոփ-նոր սերերը. _

    ՆԵ “շնչեց” ծխարետը, բղավեց,-

    ԻՆՁ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈ~ՒՄ:

  • ՆԵ քրտնել է ինքն իր վարքից

    ՆԵ քրտնել է ինքն իր վարքից,

    ՆԵ թարմանալ է ուզում:

    Անապատի լաբիրինթում ՆԵ կորցրել է ՆՈրան:

     

    Ժպտա՛, արև՛, ժամանակդ շատ սուղ է:

    Գորշ ամպիկը փքվեց, փքվեց, ծածկեց արևի կեսը:

    Ժպտա՛, Արև՛, մի՛ նեղացիր, ժամանակդ անսպառ է:

     

    ՆԵ շունչ քաշեց.

    Անապատում անձրևեց:

     

    ՆԵ հույս ունի, թե երկնքից`

    Անձրևի կաթիլի մեջ,

    Իրեն կբերեն ՆՈրան:

     

    Հույսդ կորցրո՛ւ, ՆԵ՛,

    Արև՛, ժպտա՛:

     

    Այս խոտերը ի՞նչ գործ ունեն

    Անապատի մեջտեղում.

    Մոլորվե՞լ են:

  • MASTERMIND (մեկ գլուխը լավ է, երկուսը` …)

    erku gluxy aveli lav e

    _Մանկություն, երկինք, գնդակ, ժպիտ, անձրև, կոշիկներ, պատուհան …

    _Ծառն այդ հոգնել է անվերջ ճկվելուց

    _Աշուն էր արդեն, թեթև էին ճյուղերը

    _Լավ են ճռռում չորացած տերևները, երբ բոբիկ ես լինում

    _Գնաց…հետո…գնացին…հետո…գնացինք…

    _Ծառը մենակ մնաց. հոգնել եմ աշունից: Բայց աշունը կապ չունի, մենությունն ամենուր է

    _Հարևանի շունը մեկ տարի է` գռմռում է վրաս. Շո՛ւն, մենք մեկ տարվա ծանոթներ ենք

    _Մեկ տարի, երկու տարի, երեք տարի… հետո կորցնում ես հաշիվդ: Ժամանակը միայն մահվան հետ կապվածություն ունի

    _Տեսնես միաբջիջ ամեոբան սիրելո՞ւց է կիսվում …

    _Հը՞…

    _Հը՜մ …

    _Հաճախ թաց հողի բուրմունքն էլ է ստիպում, որ զգաս ամբողջությունդ` մնալով կիսված …

    _Տեսնես ինչո՞ւ բնության տարբեր տեսակներ իրար հետ սիրով չեն զբաղվում. ծառը` մարդու, ջրիմուռը` պինգվինի …

    _Մանկապարտեզում սերն ուրիշ էր: Մեծերի խաղերը ձանձրացնում են: Մանկապարտեզում պետք չէր հորիզոնական պառկել` սիրելու համար

    _Տեսնես ի՞նչ են մտածում կանայք: Մեքենայիս յուղը չեմ փոխել:

    _Նույն ժամանակ կանայք մտածում են. ինչու՞ ամուսինս մեքենայի յուղը չի փոխել: Խանութից կզանգես, որ ասեմ` ինչ առնես: Երկինքն էսօր սիրուն է: Երևի խնջույք է:

    _Տեսնես ինչ՞ են զգում փայտակեր միջատները: Երևի հոգին կռծելու պես բան է:

    _Հիշողությանս մեջ պատուհաններ են

    _Փակի՛ր դրանք, մրսում եմ:

    _Եթե լինեյի Քրիստոսը: Երկու ժամը մեկ հրաշք կգործեի …

    _Հա՛յր, ազատի՛ր ինձ իմ մեխերից, ոչ թե նրանց` իրենց մեղքերից

    _Դրա համար էլ Քրիստոսը չես: Ցավի վախից առաջացած մարդկային էգոիզմ

    _Քմծիծաղը խուտուտ է տալիս քիթս: Տեսնես Լիբիայի ժողովրդի վիճակն ի՞նչ եղավ

    _Պարտադրված անտարբերությամբ փակվում են աչքերը: Ու նորից պատուհաններ

    _Ասացի` փակի՛ր դրանք, մրսում եմ

    _Նայի՛ր, կրծքերս մեծացել են

    _Էն ընկերոջս ինչո՞ւ չեմ զանգահարում: Վայ, կրծքերդ մեծացել են

  • Ձևն ու հոգին (Թումանյան)

    Hovhannes

    Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը— ձևը և ներքին իմաստը–հոգին։ Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին․ իսկ հեշտը ձևն է։ Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու։ Եվ հաճախ մեծ գաղափարների անուններով լոկ ձևեր են պաշտում։

    Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր ու տերտերներ, թեև հենց բառը— եկեղեցի բոլորովին այլ բան կնշանակի։

    Նույնիսկ էն մոմերն էլ որ վառում են, մի ժամանակ մթության մեջ միտք է ունեցել, բայց էսօր օրը ցերեկով վառելով պահում են միայն ձևը անմիտ ու անխորհուրդ։

    Հոգևորական ասելով երկար շորեր են հասկանամ ու երկար միրուք։ Եվ եթե նա ավետարանը փչացնի— ոչինչ, բայց եթե միրուքը խուզի, անշուշտ մեծ իրարանցում կձգի հավատացյալների մեջ։ Քրիստոնեություն ասելով մկրտություն, պատարագ, պսակի ու թաղման, տնօրհնեքի ու գերեզմանօրհնեքի և այլ արտաքին ծեսեր ու արարողություններ են հասկանամ։

    Էդպես է պատահում և նոր գաղափարների հետ։

    Ուսումնարան ասելով ավելի շատ շենքն են հասկանում, քան թե ուսուցիչ ու աշակերտ։ Իմ էդ հասկացողությունն է խոր պատճառը, որ ուսուցիչը մեզանում էնքան հաճախ ու հեշտ ենթարկվում է զրկանքի, հալածանքի ու արհամարհանքի։ Ուսումնարանի գաղափարը նրա հետ չի կապված, այլ շենքի։

    Կհարցնեք.

    ― Ձեր գեղումն ուսումնարան կա՞։

    ― Հա՛։

    ― Քա՞նի աշակերտ կա մեջը։

    ― Աշակերտ չկա էս մի քանի տարին և այն։

    Մի խոսքով գլխավորը պատերն են։

    Գրականություն ասելով էլ երբեք կենդանի մարդիկ չեն հասկանամ, այլ տպած գրքեր, և մինչև անգամ դրանից ավելի վատը՝ անուններ․․․

    Թատրոնն էլ մի մեծ շենք է, որ բեմ ունի, մեջը տոմսակներ են ծախվում ու դերասաններ են խաղում.

    Իսկ դերասան կնշանակի― բեխերը վեր արած մարդ․․․

    Ձևն ու ձևապաշտությունը ամեն տեղ, և վա՛յ էն մարդուն, որ էս տեսակ միջավայրում հասկանում ու սիրում է իրերի ու երևույթների ներքին իմաստը և մանավանդ նրանց առողջ ամբողջությունը։

    էս տխուր խորհրդածության առիթը տվեց Թիֆլիսի հայոց թատրոնի խնդիրը, որ վերջին օրերս գրավել է մամուլի ու հասարակության ուշքը։ Հայոց թատրոնը մեռնում է, էսպես հայտարարեցին։ Եվ ահա կոնսիլիում են կազմել չքնաղ հոգեվարքի շուրջը ծերունի Մանթաշյանը, մի քանի ուրիշ հարուստներ և նրանց թամաշավոր մեծ բազմություն։

    ― Ի՞նչ է հարկավոր սրան, որ կենդանանա։

    ― Փող և սեփական շենք։

    Նույն ռեցեպտը ինչ որ գրեցին սրանից տարիներ առաջ։ Փող տվին, բայց նա կրկին մեռնում է։ Մեկն առաջարկում է, որ էս շենքից, Արտիստականից մյուսը փոխադրեն―ազնվականների թատրոնի շինությունը։ Բայց նա էնտեղ էլ կմեռնի։ Առաջարկում և հանձնաժողով են ընտրում սեփական շենք կառուցանելու։ Բայց նա դարձյալ կմեռնի, որովհետև․․․

    Դուք արտաքին ձևի մեջ եք որոնում նրա կյանքը, երկրորդական տեղ եք տալի նրա ներքին բովանդակությանը,  արհամարհում եք նրա հոգին, էն, ինչով որ գոյություն կարող է ունենալ և ապրել թատրոն ասածը։ Թարս եք հասկանում։ Ահա պարզենք։ Սկսենք հենց նույն օրերին թատրոնի դրությունը ողբացող հայոց թերթերից։

    Ճշմարիտն ասեմ, «Մշակի» եթեներից, բայցերից ու այսուամենայնիվներից պարզ բան չհասկացա, բայց եզրափակում է.

    «Եզրափակելով մեր խորհրդածությունները՝ ընդգծում ենք, որ հայ թատրոնական գործը պահանջում է կազմակերպչական գործունեության բարվոքում և միևնույն ժամանակ նյութական ապահովություն, որպեսզի նա կարողանա թե՛ դերասանական ուժերի գրավման, թե՛ ներկայացումների կազմության և թե՛ ղեկավարական գործի ուժեղացման համար անհրաժեշտ ծախքերը հոգալ բավարար կերպով» («Մշակ» N 5)։

    «Հորիզոնը» հարայ է կանչում. «Օգնեցե՛ք. հայոց թատրոնը մեռնում է․․․ այն բեմը, որի շնորհիվ է միայն, որ մենք ունենք Սունդուկյաններ․․․ բայց նա պիտի ապրի, եթե մենք ուզում ենք ապրել․․․ նա պիտի ապրի․․․ իբրև մեր գրականությանը կենդան նյութեր հաղորդող հիմնարկություն» («Հորիզոն» N 5)։

    Հիմի դուք «Սուրհանդակին» ականջ դրեք.

    «Այո՛, թատրոնն էլ մեռնում է մեզանում, ինչպես և մեռնում են մեր բոլոր կուլտուրական հիմնարկությանները, և մեռնում են միմիայն այն պատճառով, որովհետև հայ ազգը տրամադիր է ինքն իրեն ոչնչացնելու, ոչնչացնելու մինչ այն աստիճան, որ իր հետքն անգամ չի ուզում թողնել»։ Ասում է՝ «մեր հոգեբանությամբ և մեր գործելակերպով ապրող ազգեր ներկայումս շատ քիչ, համարյա թե չկան, իսկ հնումը թեև եղել են, բայց նրանք էլ ոչնչացել են», և սրա նման զարհուրելի բաներ։ Բայց որովհետև ոչ հայոց ազգն էդպես տրամադրություն ունի, ոչ էլ ինքն է էդպես կարծում, այլ միայն հենց էնպես էր ասում, շարունակում է. «Սակայն դա դեռևս չի արգելում այսօր էլ համախմբվել և խորհրդակցել հայ թատրոնի մասին, այն թատրոնի, որ գեղարվեստի աշխարհին տվել է հանճարներ․․․»։ («Սուրհանդակ» N 53)։

    Էս մտքով էլ ճառեր են խոսել Դրամատիկական Ընկերության ընդհանուր ժողովին, որ իսկապես մի ներկայացում էր և էս սեզոնի ամենահաջող ներկայացումը մուտքի տեսակետից։

    Ես չեմ ուզում խոսել նրանից, թե հայ ազգը առանց թատրոնի ապրել է ու կապրի թե չէ, դա դատարկ խոսք է և մի վատ սովորության, որ մեզանում ամեն մի հարց ու խնդիր իսկույն կապում են ազգի գոյության հետ։ Ես ուզում եմ միայն նկատել էն ցավալի հանգամանքը, թե ինչպես հասկացողներն էլ սխալ են հասկանում։ Ասում են՝ հայոց թատրոնն է, որ ստեղծել է Սունդուկյաններ ու հանճարներ։ էլ չեն մտածում թե բոլորովին հակառակն է եղել— Սունդուկյան, Ադամյան, Հրաչյա, Սիրանույշ, Չմշկյան և այլն, և այլն, մինչև նորերը, նրանք են, որ թատրոն են ստեղծել, և առանց նրանց դուք թատրոն չեք կարող հասկանալ։ Եթե ուզում եք թատրոն ունենալ, պետք է նրանց հոգաք։ Եվ ահա էդ սխալ տեսակետից էլ առաջ գալով էսօր էլ դեռ, երբ էդքան դարդ եք անում հայոց թատրոնի համար ու հավաքվում եք իբրև թե նրան կենդանացնելու, ասում եմ՝ էսօր էլ դեռ կատարվում է զանցառություն ու հանցանք հայ թատրոնի դեմ, և էն ժամանակ, երբ շենքի ու արտաքին հանգամանքների ցավն եք ողբում, միաժամանակ զրկում ու մոռացության եք տալի նրանց, որ իրոք կազմում են հայ թատրոնը։ «Հորիզոնի» հենց նույն համարում պ. էլբեն պատմում է, որ լավ դերասանները հեռացել են, որովհետև նրանց չաղ ռոճիկները կրճատել են։ Հետաքրքրական է, թե ի՞նչ կնշանակի էստեղ չաղ բառը։ Մյուս կողմից էլ, ասում է, Դրամատիքական Ընկերությունը չի կարողացել կանոնավոր վարձատրել այն հայ հեղինակներին, որոնք աշխատել են թատերական ինքնուրույն ու թարգմանական գրականության համար։

    Լսում ե՞ք՝ ի՛նչ են ասում։

    Իսկ ես դրա վրա կավելացնեմ։ Դրամատիքական Ընկերությանը ուրիշները փող են տվել, որ մրցանակ տան լավ

    թատերական գրվածքին։ Նրանք հավանություն գտած պիեսին, անուն ունեցող գրողներին զլանում են ամբողջ մրցանակը տալ, կեսն են տալի, որ կարծեմ 150 ռուբլի է։ Կավելացնեմ, որ Շիրվանզադեի, Ահարոնյանի և մյուսների պիեսները խաղում եք շարունակ ու իրենց, դրամատուրգներին թողնում զուրկ, բողոքավոր։ Կավելացնեմ վերջապես, որ հայոց թատրոնը, այսինքն թատերական գրականությանը խրախուսելու համար տրված գումարը ծախսել եք, կարծելով թե դուք եք թատրոնը և էդ թատրոնն է, որ հյութ է տալի գրականությանը, ոչ թե գրականությունը, որ հյութ է տալի թատրոնին։

    Էդպես էլ դերասանների վերաբերությամբ։ Տաղանդավոր, ջահել մարդիկ են երևում, տարիներով քաշ են գալի էդ կիսամեռ բեմի կուլիսներում, մաշվում, փչանամ, և դեռ մինչև էսօր հոգ չի տարված նրանցից մեկն ու մեկի վրա։ Բայց ի՞նչ եմ ասում, չեք էլ մտածել, որ նրանցից շատ շատերը մինչև անգամ կարգին հայերեն չգիտեն ու մինչև օրս էլ սրվակին սրիկա են ասում։

    Թատրոնն էս է, պարոննե՛ր, իսկ դուք պատերին եք նայում։ Եվ ձեր էս սխալը ծանրանում է ավելի ևս, որ դուք ձեր խնամած էդ հիմնարկությունն անվանում եք հայոց թատրոն, մինչդեռ դա միայն Թիֆլիսի, էն էլ Թիֆլիսի մի փոքրիկ մասի թատրոնն է, իսկ հայոց թատրոնն էն կենդան թատրոնն է, որին դուք լավ չեք վերաբերվում։

  • Լուսադեմին ՆԵ բարձրացավ իր երկնային կացարան

    NE

    Լուսադեմին ՆԵ բարձրացավ իր երկնային կացարան.

    (Գարշահոտ է Եդեմ կոչված պարտեզում)

    Մի հրեշտակ ոջլոտել է, քորում է իր ձախ թևը.

    Գարշահոտ է ամենուրեք` սրտխառնոցի աստիճան …

     

    Արևն կարծես հսկա արու, անցավ բնության ծոցը…

    (Խնկաբույր է սղոսկվում ներս` քթանցքներով դեպ ուղեղ)

    ՆԵ ներկել է իր Դրախտի հոգնած, կնճռոտ պատերը,

    Խնկաբույր է ամենուրեք` սրտխառնոցի աստիճան…

     

    Գեր լուսինը ժպտում է, տե՛ս, մաքրվել է Դրախտը.

    (ծառի վրա, թփերի տակ և քարին, համբույրներ են գալարվում` քամու թեթև շարժումից)

    Օրիոնի գոտիքը նեղացել է, նիհարել.

    Համբույրներ են ամենուրեք` սրտխառնոցի աստիճան

    Ե.Ա.

  • Ծովը, կանգառն ու էլի դատարկ բաներ

    covy

    Ծովը բարի չէ: Ծովը ներում է միայն ափին նստողներին:

    Ծովը կապուտով է լցնում բոլորիս:

    Ծովը կապույտ չէ՛. նա սպիտակի հեղուկ վիճակն է ու կարմրի բացակայությունը:

    Սուրճը, ծովը և օղին գունազարդում են մեր հոգիները:

    Ամեն աշխատանք էլ մի տեսակ մարմնավաճառություն է. մեկը վաճառում է ձեռքերը, մյուսը` գլուխը, և այլն: Ինչ-որ մեկն էլ աճուրդի է հանել իր հոգու ծովը` իր կապույտը:

    Չէ՛, ծովը կապույտ չէ՛, կապույտը երկնային է: Կապույտը դատարկ է, պարզ ու սառը: Կապույտը մեր պարզությունն է, մեր խիղճը` կուսական վիճակում:

    Ծովը սև է:

    Ծովը սրճի և օղու խառնուրդն է` կլանող ու կախվածություն առաջացնող:

    Օղին` իր ամեն բջջով, խժռում է մեր հոգու կապույտը:

    Աղջի՛կ-փայտ, դու ծովի դուստրն ես` սրճի ու օղու վիժվածքը:

    Ծովն անսահման է. նա է որոշում իր ալֆան և օմեգան:

    Աղջիկ-փայտն այս անգամ էլ է վաճառում իր խիղճը: Նրա խիղճը սրճոտվում է:

    Ճանապարհը շարժում է, շարժումը` կյանք:

    Տունը, աթոռն ու մահճակալը մեր դադարն են` մեր կանգառը:

    Կանգառից անուշ է բուրում: Կանգառից է սկսվում շարժումը: Կանգառը շարժման մասն է:

    Աթոռը ճանապարհի ուղեկիցն է, մահճակալը` վախճանը: Գամվել մահճակալին ու չմտածել շարժման մասին: Սիրել կյանքն ու ատել շարժումը, մի՞թե հնարավոր է:

    Հասկացանք` արմավենիներն իմը չեն: հասկացանք` պապուս տնկած ծիրանենին իմ քույրն է:

    Մահճակալը շարժման ավարտն է ու սկիզբը: Մահճակալը ամեն հորիզոնականի, այդ թվում` սիրո, խորհրդանիշն է:

    Կա՛նգ առ, լրացրո՛ւ դատարկ կանգառը, սեղմվի՛ր դատարկ աթոռին, լցրու դատարկ հոգիդ շարժման սնունդ վառելանյութով ու ծովով ու

    Ժպտա

    Հ.Գ. Թաղի շները հաչացին, ինքնաթիռն անցավ Օրիոնի գոտով, քունս տարավ. ու չբերեց: 

  • Բալուն (օն ժե ՄեդվեԴ, Տոշկա, Դալայ Լամա etc …)

     

    Բալուն հայ նեոգառլախիզմի հայրն է:

    Բալուն գրող-հրապարախոս է, Պիսառ, կիսաեֆրեյտոր ու շատ մաքուր մարդ:

    Բալուն ունի կապեր ինչպես պետական, իշխանական, այնպես էլ կառավարական շրջանակներում (բան չջոԳի):

    Բալուն բարի է միայն այն մարդկանց հանդեպ, ովքեր իր հանդեպ անարդար են գտնվել:

    Բալուն հայ ժամանակակից իրականության մեջ միակն է, ով օգտվում է նամակագրական հին մեթոդներից` սովորական գրավոր նամակից (որոնք միշտ ինչ-որ հայտնի-անհայտ մարդկանց են ուղղված), այդ է պատճառը, որ նա ունի Չլռողի, կամ Թսվողի համբավ:

    Բալուն ակտիվիստ է, սակայն վարում է պասիվ սեռական կյանք:

    Բալուն գՌՌանտակեր չէ. նա գառը գՌՌանտից ավելի է գերադասում:

    Բալուն մի կտոր հոմոֆոբ է, հակասեմական, անԾի-անԾի-քյարթ, չի ընդունում գենդերային հավասարությունը, դեմ է որոշակի մարդկանց իրավունքներին. կառոչե կարգին մարդ:

    Բալուն նույնչափ հետաքրքրվում է եկեղեցիների վիճակով, ինչչափ եկեղեցականները իրենց բենթլիների:

    Բալուն առաջինն է լուսաբանել բանակային ահասարսուռ պատմությունները, սակայն ինքը բանակում ծառայել է ընդհամենը վեցը ամիս, քանի որ ռամսավիկ է (ռամսավիկ-լյավ կապերի տեր մարդ)

    Բալուն հայ երիտասարդական տարատեսակ միությունների միասնականության խորհրդանիշն է, և նա ընդհանրապես միութենական է:

    Բալուն անհաշտ պայքար է մղում պահպանողական գառլախիստների դեմ, սակայն չի ֆինանսավորվում որևէ եվրոպաամերիկյան ժողովրդավարանեոգառլախիստական կազմակերպությունների կողմից:

    Բալուն ընդհանրապես չի ֆինանսավորվում. նա սնվում է բացառապես երկնքից իջած մանանայով, որն Աստված է տվել (իսկ ինքը, շան պես,  Տիրոջը չի՛ ճանաչո՜ւմ, բա):

    Բալուն ընկերությունը դիտարկում է որպես փոխշահավետ համագործակցության մի ձև, սակայն մինչ օրս իր ընկերներից ոչ մի օգուտ չի ստացել. և նա ամենևին էլ ընկերազուրկ չէ, նա ֆեյսբուքում հազարներով ֆռռենդ ունի:

    Բալուն իր հանդիպած առաջին գեղեցիկ աղջկան լայքում է:

    Բալուին սիրում են բոլոր աղջիկները, որոնց չեն սիրում բոլոր տղաները:

    Բալուն չի հանդուրժում Չոռնիին, և դա, ինչեպես սերը, փոխադարձ է:

    Բալուն հանդուրժում է Ծծին, սակայն նրա անվանը որոշակի վերապահումով է մոտենում:

    Բալուն ունի որոշակի նմանություն Բոբոլի հետ, սակայն դա նսեմացնում է Բոբոլին, քանզի Բալուն ավելի կրթված է:

    Բալուն աննմնան է:

    Բալուն ԱՐԻԱԿԱՆ Ա-ՍԵՔՍԻ ջատագովն է, Արթյուր Ռեմբոյի սիրահարը, Գեղամյանին թմբկահարողն ու անկաշկանդ երիտասարդ:

    Բալուն, իրո՛ք, լավ մարդ է:

    Բալուն, իրո՜ք, լավ մարդ է:

    Բալո՞ւն, իրո՞ք, լա՞վ մա՞րդ է՞:

    Հ.Գ. բ՜ա՛՞

  • ՈՒզում եմ

    uzum em

    Ի՞նչ

    Ինչու՞

    Եվ հանուն ինչի՞

    Միգուցե հանուն Հոր,

    Որդու և Ոգվու՞յն Սրբո …

    Չեմ հավատում ես այդ խեղճ Եռյակին:

    Ես ի՞նչ եմ ուզում

    Ուզում եմ ես մի բնակարան

    Ու դատարկ պատեր,

    Ուր չկան նույնիսկ փակցված

    Շատ հին նկարներ:

    Ուզում եմ մի մե՜ծ ու հոտած

    Հեկտար աղբանոց,

    Ուր բանջարեղենի փտած անցքերից

    Նայում են մեզ

    Մի խումբ ճիճուներ

    Ու հսկա աղբանոցի մեջ այդ

    Ուզում եմ,ահա

    Պարող փերիներ…

    Ուզում եմ լինել տասնմեկ րոպե

    Միայն քո գրկում

    Ու հետո թքել այն մահճակալի մեջ

    Ուր մի քիչ առաջ

    Մենք Կյանք էինք ստեղծում:

    Ուզում եմ ապրել նուդիստների այն խեղճ ծովափում

    Ուր Ա(ա)ստված Ի(ի)նքը,ինչ-որ մեկի հետ,

    Սիրով է զբաղվում …

    Ես շա՜տ եմ ուզում ամենաշատը

    Ամենամեծը, ամենալիքը`

    Ոչինչ եմ ուզում …

    Ուզում եմ,ուզում

    Ես ունայնություն`

    Մի դատարկ հեղուկ

    Ու կլոր հրաշք

    Իսկ քեզնից ես մի կյանք եմ ուզում.

    Անունը`դու’ դիր.

    Ես մեկն եմ ուզում

    Բայց գիտես,որ իրականում

    Իմ այս ստոր կյանքում

    Ընդհամենը երկու բան եմ ուզում`

    Աշխարհին խաղաղություն

    Եվ,կամ պոմիդորով ձվածեղ.

    Մեկ տվել ես.

    Իրոք` համեղ էր …

    Դու էլ իմացիր

    Թե ինչ ես ուզում …

    2009ի կողմերը, Մերձավան