Ես մորուքիս հետ էի զբաղվում,
դու վազվզում էիր շուրջբոլորս՝
արոտավա՜յր, արոտավա՜յր,
գոչելով:
Մտածեցի՝ ականջիդ բլթակների բացակայությունը
բնության ու աերոդինամիկայի գործն է,
որ ավելի արագ վազես.
աչքերդ էլ նեղվել են, որ հակընդդեմ քամին չխանգարի:
Դու քոչեցիր էս երկից, ուր ես մորուքիս հետ եմ զբաղվում,
նոր արոտավայրեր փնտրեցիր, քանզի մեր խնձորենին չորացել էր:
Հեռավոր Արևելքից մոնղոլ խաներիդ հետ ետ եկար,
որ վերակենդանացրածս խնձորենին տապալես.
_Արոտավա՜յր,արոտավայր:
Քեզ սիրեցի:
Ասում ես՝ գնանք Եվրոպա, Լատինական Ամերիկա, աշխարհ տեսնենք.
գեներդ էլի գլուխ բարձրացրին:
Ու քանի որ սիրեցի,
իմ սիրուն արիական բլթակներս մաժեցի ու
օգտագործեցի մեր անգլերենի դասախոս միս (այնժամ դեռ) Քրիստինայի
ամենասիրած հայերեն համապարփակ նախադասությունը.
_Ձիս կապեմ՝ գամ:
Ես մորուքիս հետ էի զբաղվում,
դու վազվզում էիր շուրջբոլորս.
հրեցիր,
չընկա:
_Արոտավա՜յր,արոտավայր: