Պոեզիան շարեցի մեր տարածաժամանակի միջև:
Քո անտաշ գեղեցկությունը քերծեց հոգիս,
Ճաքեց հոգուս երկնագույնն ու
Սառեցի քո հրեշտակային լույսից:
Օ՜, չաստվածներ անցյալի ու ապագայի,
Այրեցե՜ք, խնդրեմ, աղջիկ-փայտիկին,
Լվացե՛ք ձեր երեսը, օծեք այն ծխով`
Վառվող աղջկա:
Կկլանեմ քեզ ականջով, աչքով,
Համդ կփորձեմ, հոտդ կշնչեմ,
Կզգամ քեզ զգայարանով վեցերորդ ու
Կշարեմ պոեզիան մեր տարածաժամանակի միջև: