Քո հիսնամյակին
Ես կթվարկեմ այն նվերները,
Որ դու ես տվել, ա՛յ ՄԵ՜Ր:
Նվեր-կնճիռ, որ զավակն է
Ե՛վ ժպիտիդ, և՛ արցունքիդ,
Որ դաճել ես հրաշք դեմքիդ.
Դա է քո սիրո արդյունքը:
Նվեր-սպիտակ մազ, որ արդյունքն է
Քո սպասումի,
Թե` տղերքս էս ո ՞ւր կորան,
Ժամը տասն է, հաց չկերան:
Նվեր-կոպտացած ձեռներ, որ զոհաբերել ես
Քո նուրբ մատները
Մեր սպասարկման
Անպետք գործին:
Նվեր-հույս, որ ամենինչ
Լավ կլինի
Ու
Նվեր-սեր, որ տալիս ես
Ու չե՛ս սպասում
Քո հիսնամյակին
Բա մե՞ր նվերը.
Նվեր-կնճիռ, որ դաճեցինք
Մենք քո դեմքին
Շատ անտեղի
Նվեր-սպիտակ մազ, որ շալակել ես
Մեր ամեն հոգսը
Ու մենք, անհոգությունից հոգնած,
Ներկում ենք մազերդ
Նվեր-կոպտացած ձեռներ, որ կոպտացել են
Մերի փոխարեն
Նվեր-հույս, սիրո՛ւն ՄԱՄԱ,
Մենք քեզ կտանք:
Նվեր-ժպիտ, պիտի փորձենք
Քեզ նվիրել
Իսկ
Նվեր-սեր, ավելի քան
Պարտավոր ենք
Սիրում ենք քեզ, ա՛յ ՄԵ՜Ր, ու
Շնորհավո՛ր