ՆԵ քրտնել է ինքն իր վարքից

ՆԵ քրտնել է ինքն իր վարքից,

ՆԵ թարմանալ է ուզում:

Անապատի լաբիրինթում ՆԵ կորցրել է ՆՈրան:

 

Ժպտա՛, արև՛, ժամանակդ շատ սուղ է:

Գորշ ամպիկը փքվեց, փքվեց, ծածկեց արևի կեսը:

Ժպտա՛, Արև՛, մի՛ նեղացիր, ժամանակդ անսպառ է:

 

ՆԵ շունչ քաշեց.

Անապատում անձրևեց:

 

ՆԵ հույս ունի, թե երկնքից`

Անձրևի կաթիլի մեջ,

Իրեն կբերեն ՆՈրան:

 

Հույսդ կորցրո՛ւ, ՆԵ՛,

Արև՛, ժպտա՛:

 

Այս խոտերը ի՞նչ գործ ունեն

Անապատի մեջտեղում.

Մոլորվե՞լ են:

ՄՈՐՍ համար նվեր

Քո հիսնամյակին

Ես կթվարկեմ այն նվերները,

Որ դու ես տվել, ա՛յ ՄԵ՜Ր:

Նվեր-կնճիռ, որ զավակն է

Ե՛վ ժպիտիդ, և՛ արցունքիդ,

Որ դաճել ես հրաշք դեմքիդ.

Դա է քո սիրո արդյունքը:

Նվեր-սպիտակ մազ, որ արդյունքն է

Քո սպասումի,

Թե` տղերքս էս ո ՞ւր կորան,

Ժամը տասն է, հաց չկերան:

Նվեր-կոպտացած ձեռներ, որ զոհաբերել ես

Քո նուրբ մատները

Մեր սպասարկման

Անպետք գործին:

Նվեր-հույս, որ ամենինչ

Լավ կլինի

Ու

Նվեր-սեր, որ տալիս ես

Ու չե՛ս սպասում

Քո հիսնամյակին

Բա մե՞ր նվերը.

Նվեր-կնճիռ, որ դաճեցինք

Մենք քո դեմքին

Շատ անտեղի

Նվեր-սպիտակ մազ, որ շալակել ես

Մեր ամեն հոգսը

Ու մենք, անհոգությունից հոգնած,

Ներկում ենք մազերդ

Նվեր-կոպտացած ձեռներ, որ կոպտացել են

Մերի փոխարեն

Նվեր-հույս, սիրո՛ւն ՄԱՄԱ,

Մենք քեզ կտանք:

Նվեր-ժպիտ, պիտի փորձենք

Քեզ նվիրել

Իսկ

Նվեր-սեր, ավելի քան

Պարտավոր ենք

Սիրում ենք քեզ, ա՛յ ՄԵ՜Ր, ու

Շնորհավո՛ր

MASTERMIND (մեկ գլուխը լավ է, երկուսը` …)

erku gluxy aveli lav e

_Մանկություն, երկինք, գնդակ, ժպիտ, անձրև, կոշիկներ, պատուհան …

_Ծառն այդ հոգնել է անվերջ ճկվելուց

_Աշուն էր արդեն, թեթև էին ճյուղերը

_Լավ են ճռռում չորացած տերևները, երբ բոբիկ ես լինում

_Գնաց…հետո…գնացին…հետո…գնացինք…

_Ծառը մենակ մնաց. հոգնել եմ աշունից: Բայց աշունը կապ չունի, մենությունն ամենուր է

_Հարևանի շունը մեկ տարի է` գռմռում է վրաս. Շո՛ւն, մենք մեկ տարվա ծանոթներ ենք

_Մեկ տարի, երկու տարի, երեք տարի… հետո կորցնում ես հաշիվդ: Ժամանակը միայն մահվան հետ կապվածություն ունի

_Տեսնես միաբջիջ ամեոբան սիրելո՞ւց է կիսվում …

_Հը՞…

_Հը՜մ …

_Հաճախ թաց հողի բուրմունքն էլ է ստիպում, որ զգաս ամբողջությունդ` մնալով կիսված …

_Տեսնես ինչո՞ւ բնության տարբեր տեսակներ իրար հետ սիրով չեն զբաղվում. ծառը` մարդու, ջրիմուռը` պինգվինի …

_Մանկապարտեզում սերն ուրիշ էր: Մեծերի խաղերը ձանձրացնում են: Մանկապարտեզում պետք չէր հորիզոնական պառկել` սիրելու համար

_Տեսնես ի՞նչ են մտածում կանայք: Մեքենայիս յուղը չեմ փոխել:

_Նույն ժամանակ կանայք մտածում են. ինչու՞ ամուսինս մեքենայի յուղը չի փոխել: Խանութից կզանգես, որ ասեմ` ինչ առնես: Երկինքն էսօր սիրուն է: Երևի խնջույք է:

_Տեսնես ինչ՞ են զգում փայտակեր միջատները: Երևի հոգին կռծելու պես բան է:

_Հիշողությանս մեջ պատուհաններ են

_Փակի՛ր դրանք, մրսում եմ:

_Եթե լինեյի Քրիստոսը: Երկու ժամը մեկ հրաշք կգործեի …

_Հա՛յր, ազատի՛ր ինձ իմ մեխերից, ոչ թե նրանց` իրենց մեղքերից

_Դրա համար էլ Քրիստոսը չես: Ցավի վախից առաջացած մարդկային էգոիզմ

_Քմծիծաղը խուտուտ է տալիս քիթս: Տեսնես Լիբիայի ժողովրդի վիճակն ի՞նչ եղավ

_Պարտադրված անտարբերությամբ փակվում են աչքերը: Ու նորից պատուհաններ

_Ասացի` փակի՛ր դրանք, մրսում եմ

_Նայի՛ր, կրծքերս մեծացել են

_Էն ընկերոջս ինչո՞ւ չեմ զանգահարում: Վայ, կրծքերդ մեծացել են

Լուսադեմին ՆԵ բարձրացավ իր երկնային կացարան

NE

Լուսադեմին ՆԵ բարձրացավ իր երկնային կացարան.

(Գարշահոտ է Եդեմ կոչված պարտեզում)

Մի հրեշտակ ոջլոտել է, քորում է իր ձախ թևը.

Գարշահոտ է ամենուրեք` սրտխառնոցի աստիճան …

 

Արևն կարծես հսկա արու, անցավ բնության ծոցը…

(Խնկաբույր է սղոսկվում ներս` քթանցքներով դեպ ուղեղ)

ՆԵ ներկել է իր Դրախտի հոգնած, կնճռոտ պատերը,

Խնկաբույր է ամենուրեք` սրտխառնոցի աստիճան…

 

Գեր լուսինը ժպտում է, տե՛ս, մաքրվել է Դրախտը.

(ծառի վրա, թփերի տակ և քարին, համբույրներ են գալարվում` քամու թեթև շարժումից)

Օրիոնի գոտիքը նեղացել է, նիհարել.

Համբույրներ են ամենուրեք` սրտխառնոցի աստիճան

Ե.Ա.

Ծովը, կանգառն ու էլի դատարկ բաներ

covy

Ծովը բարի չէ: Ծովը ներում է միայն ափին նստողներին:

Ծովը կապուտով է լցնում բոլորիս:

Ծովը կապույտ չէ՛. նա սպիտակի հեղուկ վիճակն է ու կարմրի բացակայությունը:

Սուրճը, ծովը և օղին գունազարդում են մեր հոգիները:

Ամեն աշխատանք էլ մի տեսակ մարմնավաճառություն է. մեկը վաճառում է ձեռքերը, մյուսը` գլուխը, և այլն: Ինչ-որ մեկն էլ աճուրդի է հանել իր հոգու ծովը` իր կապույտը:

Չէ՛, ծովը կապույտ չէ՛, կապույտը երկնային է: Կապույտը դատարկ է, պարզ ու սառը: Կապույտը մեր պարզությունն է, մեր խիղճը` կուսական վիճակում:

Ծովը սև է:

Ծովը սրճի և օղու խառնուրդն է` կլանող ու կախվածություն առաջացնող:

Օղին` իր ամեն բջջով, խժռում է մեր հոգու կապույտը:

Աղջի՛կ-փայտ, դու ծովի դուստրն ես` սրճի ու օղու վիժվածքը:

Ծովն անսահման է. նա է որոշում իր ալֆան և օմեգան:

Աղջիկ-փայտն այս անգամ էլ է վաճառում իր խիղճը: Նրա խիղճը սրճոտվում է:

Ճանապարհը շարժում է, շարժումը` կյանք:

Տունը, աթոռն ու մահճակալը մեր դադարն են` մեր կանգառը:

Կանգառից անուշ է բուրում: Կանգառից է սկսվում շարժումը: Կանգառը շարժման մասն է:

Աթոռը ճանապարհի ուղեկիցն է, մահճակալը` վախճանը: Գամվել մահճակալին ու չմտածել շարժման մասին: Սիրել կյանքն ու ատել շարժումը, մի՞թե հնարավոր է:

Հասկացանք` արմավենիներն իմը չեն: հասկացանք` պապուս տնկած ծիրանենին իմ քույրն է:

Մահճակալը շարժման ավարտն է ու սկիզբը: Մահճակալը ամեն հորիզոնականի, այդ թվում` սիրո, խորհրդանիշն է:

Կա՛նգ առ, լրացրո՛ւ դատարկ կանգառը, սեղմվի՛ր դատարկ աթոռին, լցրու դատարկ հոգիդ շարժման սնունդ վառելանյութով ու ծովով ու

Ժպտա

Հ.Գ. Թաղի շները հաչացին, ինքնաթիռն անցավ Օրիոնի գոտով, քունս տարավ. ու չբերեց: 

ՈՒզում եմ

uzum em

Ի՞նչ

Ինչու՞

Եվ հանուն ինչի՞

Միգուցե հանուն Հոր,

Որդու և Ոգվու՞յն Սրբո …

Չեմ հավատում ես այդ խեղճ Եռյակին:

Ես ի՞նչ եմ ուզում

Ուզում եմ ես մի բնակարան

Ու դատարկ պատեր,

Ուր չկան նույնիսկ փակցված

Շատ հին նկարներ:

Ուզում եմ մի մե՜ծ ու հոտած

Հեկտար աղբանոց,

Ուր բանջարեղենի փտած անցքերից

Նայում են մեզ

Մի խումբ ճիճուներ

Ու հսկա աղբանոցի մեջ այդ

Ուզում եմ,ահա

Պարող փերիներ…

Ուզում եմ լինել տասնմեկ րոպե

Միայն քո գրկում

Ու հետո թքել այն մահճակալի մեջ

Ուր մի քիչ առաջ

Մենք Կյանք էինք ստեղծում:

Ուզում եմ ապրել նուդիստների այն խեղճ ծովափում

Ուր Ա(ա)ստված Ի(ի)նքը,ինչ-որ մեկի հետ,

Սիրով է զբաղվում …

Ես շա՜տ եմ ուզում ամենաշատը

Ամենամեծը, ամենալիքը`

Ոչինչ եմ ուզում …

Ուզում եմ,ուզում

Ես ունայնություն`

Մի դատարկ հեղուկ

Ու կլոր հրաշք

Իսկ քեզնից ես մի կյանք եմ ուզում.

Անունը`դու’ դիր.

Ես մեկն եմ ուզում

Բայց գիտես,որ իրականում

Իմ այս ստոր կյանքում

Ընդհամենը երկու բան եմ ուզում`

Աշխարհին խաղաղություն

Եվ,կամ պոմիդորով ձվածեղ.

Մեկ տվել ես.

Իրոք` համեղ էր …

Դու էլ իմացիր

Թե ինչ ես ուզում …

2009ի կողմերը, Մերձավան

Երջանկության Պատուհան (ղզիկական շրջանից)

window

Արևագալի ժամն էր, երբ մեղմիկ քամին բացեց թույլ փակված պատուհանը:

Այդ գիշերվա վերջին գունավոր երազը հուշեց, որ արթնանալու ժամն է: Կոպերը դանդաղորեն, կարծես առանց շտապելու, բացվեցին` Թույլատրելով աչքերին համբուրվել արեգակի ճառագայթների հետ: Ձեռքը բնազդաբար երկարեց դեպի ծխախոտի տուփը. Արդեն չորս ժամ է` չէր շնչել թունավոր ծուխը: Հինգ րոպեի չափով հանգիստ պառկած էր, երբ բացված պատուհանից քամին շոյեց, և շշնջաց լռության երգը:

Սակայն այստեղ մի բան այն չէր: Այս լռությունը նրան կարծես ծանոթ էր: Նա ըմբոշխնել էր այդ երգը իր ամենապայծառ երազներում: Միայն այս անգամ այն թվում էր այնքա՜ն մոտ, այնքա՜ն շոշափելի:

Իսկ բակում, ինչպես երակներում, սկսել էր եռալ կյանքը: Իհարկե առաջինը դուրս էին իջել մայրերը` նորաթուխ հացի ձեռքբերման ակնկալիքով: Աշխատանքի էին շտապում շենքի բանվորները: Մեծապաշտոն հայրերը թանկարժեք մեքենաներով ուղեկցում էին իրենց մանուկ, բայց և սովածությունից զզվող փորերով զավակներին: Ինչպես անակնկալ` աշխատում էին նույնիսկ ջրցան մեքենաները: Միայն մի երիտասարդ աղջիկ` սևաչ, սևահեր ու գազանային գեղեցկության տիրուհի, անհոգ կանգնած փողոցում, սպասում էր` չգիտես ինչի կամ ում:

Աչքերը, չենթարկվելով կուսակրոն ու կուսամոլ ուղեղին, սևեռվեցին դեպի նա: Լռության երգի մի նոր ալիք զգաց: Բանականությունը ոչինչ չէր հուշում: Չէր լռում միայն սիրտը: Այն լի էր անակնկալ սիրո մասին բոլոր երկերով ու բանաստեղծություններով:

Արևագալից հետո պիտի գար նույն ինքը` ատելությունը, որը շատերի կարծիքով սիրո ծայրահեղ դրսևորումն է, չէ որ ամենաքաղցր ուտելիքը, որն իր մեջ պարունակում է չափից շատ շաքար և գլյուկոզա, դա սխտորն է, և դրանից հետո միայն կարելի է եզրակացնել, որ մարդկային զքացումները կամ զքացմունքները շատ դեպքերում չեն համապատասխանում անալիզների արդյունքների, և հաճախ դրանք, ինչպես կասեր հանճարեղ շնածիններից մեկը, զուտ կամ սուտ քաղաքական կատեգորիաներ են: Վերջիվերջո, ինչ է ատելությունը կամ նույն ինքը` սերը. զգացմունքային պոռթկում, հոգով մարմինը գրկելու արվեստ, թե պարզապես բնազդային երևույթ: Կարևորը այն չէ, թե ինչ է սերը, կարևորը դրա ներկայությունը կամ բացակայությունն է, փոխադարձ լինելը կամ` հակառակը: Ինչևէ, չշեղվենք թեմայից, և անցնենք մեր ոչխարներին:

Ընտրության իրավունքը, որն ի վերուստ տրված է եղել մարդ կոչեցյալին, շեղել էր նրա ամենաբարո միտքը, քանի որ ընտրության դեպքում մարդկային դեռևս սահմանափակ ուղեղը ընթակա է միայն սխալվելուն: Նա նայում էր ցած, տեսնում ամենին և ամենինչ, սակայն ոչ նրան: ՆՐԱՆԻՑ մնացել էին միայն բաղձալի համբույրները, որոնք դեռ երկար կուղեկցեն իրեն իր կյանքում: Ժանգոտած գլխից դուրս էին պրծել աչքերը, որոնք այնքան հաճախ էին մոլորեցրել թերևս միամիտ կանանցիկներին: Երկծականի քիթը շնչում էր իր հարևան բերանից արտազատած սիգարետի ծուխը, ծուխ, որը դարձել էր իր միակ բարեկամն ու կարեկիցը, ծուխ, որ մթագնում էր իր ուղեղը և կործանում միակ անվերադարձնելի առողջությունը:

Սակայն ծուխն ազդում է օրգանիզմին, այլ ոչ թե հոգուն. հոգուն ազդելուն նրան օգնության է հասնում ատելությունը, որի բացակայությունը ևս մարդկային դասից շեղում է համարվում: Բայց այն, ինչ նա տեսնում էր, ամենևին էլ մարդկային չէր, քանի որ նա էր միակ դիտորդը: Իր ստեղծած այս արկածային ֆիլմում հերոսուհին պիտի վազեր իր հետևից` չնայած նրա` տվյալ ֆիլմում բավականին բարձր դիրք գրավելուն: Դա էր խեղճ սիրահարի չգոյության պատկերացումը կամ իղձը:

Բայց տղայի ուղեղը հաճախ էր իր մեջ վերլուծություններ անում, թե արդյոք արժի շարունակել այս սիրային արկածները, արդյոք արժի ընկնել մի մարդու, ավելի ճիշտ կնոջ հետևից , եթե նույն ինքը` ամենաանսխալական հասարակությունը յուր անդամներով, աղջկան մի հասարակ պոռնիկի հետ էր համամատում: Բայց սիրտը` ի հակադրումն ուղեղի, որոշ ճշտումներ էր մտցնում,- ” Այո, աղջիկը այն չէ, ինչ երազներում տեսել էիր, բայց արդյոք կյանքդ հետաքրքիր կլիներ, եթե դու չունենայիր ինչ-որ բան փոխելու, այն ավելի լավը կամ քեզ դուրեկանը դարձնելու հնարավորություն: ուրեմն ԴՈՒ ունես այդ հնարավորությունը և պետք է պայքարես այն օգտագործելու համար, եթե նույնիսկ սերդ հանդիպել է աթարին”:

Տղան դեռ շատ կվերլուծեր իր կյանքն ու սիրային պատմությունները, եթե փողոցում կանգնած աղջկա մոտ չկանգներ մի գեղեցիկ ավտոմեքենա, և. . . և գին չառաջարկեր:

Տղան առանց որևէ վիրավորանք զգալու իր` այնքան ատելի դարձած էության հանդեպ` հանգիստ փակեց իր երջանկության պատուհանը . . .

2006-ի կողմերը