Ցրված բաներ

Իսկ հետո ուշ կլինի: Իսկ ավելի ուշ` շատ վաղ է: Լուսաբացին լուսինը թաթիկով կանի, քմծիծաղով կդիմավորի արևին, իբր թե, տե’ս, ինչ լինում է, իմ արքայության օրոք է լինում`մարդաստեղծման արարողությունների մեծ մասը: Հետո էլ. հետո էլ խաշից ու բոխկից բխկացողների քանակը կավելանա, ու ամեն ոտակեր իրեն կդասի խաշի արքայության մեջ իշխանների դասին:

Չէ’, ելակով լի համբույրդ չգերեց ինձ. չխաբեցի’ր: Աչքերդ ծորացին ափերիդ մեջ, թե` տեսե’ք, տեսե’ք, լալի’ս եմ. էլի չխաբեցիր. չխաբնվեցի: Սառը քրտինքն էլ կծորա մարմնովս մեկ` քո համբույրների պես: Քո բալիկն էլ ամենևին ինձ նման չէ:

Արևին էլ կնայեմ մատների արանքով, ինչպես քո անառակությանը, ինչպես ի’մ անառակությանը: Քո սրտում կլինեմ ոտքի ճկույթի պես` լռիվ անպետք: Բառերս էլ կհոտոտես, կտեսնես, որ բարի է բուրում: Պորտից ներքև էլ ամենինչ կքրտնի. սառը ցնցուղը կլվանա համբույրներդ: I

_Կբարևեմ, կկծեմ ականջդ, մատներովս կխաղամ բլթակիտ հետ, վզիդ արյան զեղում կպարգևեմ ու դու կթրջվես,_ մոծակն ասաց փղին:

Տե’ս, ելակը պոչը խաղացնելով` մոտենում է քեզ: Կհարձակվես ու չես խփի: Կմռանչաս` առանց կծելու: Շուրթերովդ կգրկես քեզ մոտեցող ելակն ու վերին ու ստորին թարթիչներդ կբարևեն մեկմեկու:

Դասարանի վերջում նստող Սաքոյի արած վերջին հիմարությանը ոչ ոք ուշադրություն չի դարձնի: Նա իր գաղտնիքը տապալել էր գետնին ու ոտքերն էր սրբում վրան:Մեր ամենամեծ գաղնիքները միշտ էլ ամենաամոթալի գաղտնիքներն են:

Քո նախանախկին սերն էլ դուրս կպրծնի սրտիցդ, ինչպես խորխն է փախնում թունդ ծխողի կոկորդից` հազի ժամանակ: Ի. Ինդիրի Գինդի, Մուհատմա Գանդի

Աղիներիդ գռգռոցից աքաղաղը կարթնանա ու շփոթված` ծուղրուղու կկանչի. ապե’ր, ծուղրուղուի ժամը հիմա չի, ձայնդ կտրի’ր: Դեռ չծնված երեխադ քացով կհարվածի ամուսնուդ մռթին, երբ վերջինս հղիությանդ ականջ դնելիս կլինի: Մուղամաթն ու կլասիկան ուղեղիդ կիսագնդերը կխառնեն իրար, ու աշխարհը էլի կֆսսա~. առանց քեզ էլ կֆսսա~:

Գլուխը տմբտմբացնելով, քամակը քորելով, քրտնած մեջքը փակելով ու գաղտագողի գազեր հանելով` բիձուկը կմոտենա իր սեփական հնամաշ երթուղային տաքսուն, կպառկի տակը, առանց ձեռնոցի կստուգի ամեն յուղ ու բան, բենզինը կկաթա քթանցքի տակ, կշնչի ու կֆսսա~, կշնչի ու կֆսսա~, ինքն իր երաժշտությունը կլսի թմբկաթաղանթից անդին, կշնչի ու կֆսսա~:

Այսօր Մալիբույում սպասվում է առանց տեղումների եղանակ: Գեոմագնիսական դաշտը… դաշտը լի է իմ սիրած ծաղիկներով` հազար գլխիկներ, մանր թերթիկներ: Նա էլ երբեք չի խառնվի իրար` զուգարանի թուղթ ման եկողի պես:

Քո երեխան իմը չէ’, ո’չ էլ ամուսնունդ: Նախանախասիրուցդ մնացած հուշերը գրանցիր բալիկիդ օրագրում, թքոտած ցուցամատով թերթիր այն այնքան, որ թուղթը դեղնի: Դու միշտ էլ բուլկի ավելի շատ ես սիրել, քան թե տրամվայով զբոսանք: Լավն ես, պոնչո’, ուղղակի մի քիչ ինձանից բոյով էիր:

ից-ից-ից քեզանից

ին-ին-ին սարի կատարին

նվիրվում է ծաղիկներին

Լուսադեմին ՆԵ բարձրացավ իր երկնային կացարան

NE

Լուսադեմին ՆԵ բարձրացավ իր երկնային կացարան.

(Գարշահոտ է Եդեմ կոչված պարտեզում)

Մի հրեշտակ ոջլոտել է, քորում է իր ձախ թևը.

Գարշահոտ է ամենուրեք` սրտխառնոցի աստիճան …

 

Արևն կարծես հսկա արու, անցավ բնության ծոցը…

(Խնկաբույր է սղոսկվում ներս` քթանցքներով դեպ ուղեղ)

ՆԵ ներկել է իր Դրախտի հոգնած, կնճռոտ պատերը,

Խնկաբույր է ամենուրեք` սրտխառնոցի աստիճան…

 

Գեր լուսինը ժպտում է, տե՛ս, մաքրվել է Դրախտը.

(ծառի վրա, թփերի տակ և քարին, համբույրներ են գալարվում` քամու թեթև շարժումից)

Օրիոնի գոտիքը նեղացել է, նիհարել.

Համբույրներ են ամենուրեք` սրտխառնոցի աստիճան

Ե.Ա.

Բաբելոնից Սիոն երկու մատնաչափ ու մի կես համբույր

Կամրջից Նետվողը

_Մոտենում, մոտենում, մոտենում եմ ասֆալտին, վա՜խ …,_ սրանք Կամրջից Նետվողի վերջին խոսքերն էին:

Ու հիմա նա իր մեռած հարազատների հետ այնտեղ` Սիոնում, քննարկում է սեփական մահը.

_Ես կարծում էի, որ գոնե վերջին բառերս հանճարեղ կլինեին, որ կգոռային ինչ-որ տարօրինակ հիմարություն, օրինակ` ապրել եմ ուզում, կամ` սիրում եմ քեզ … Բայց նույնիսկ այդ վերջին վարկյաններին մտածում էի իմ մարմնի մասին` այն ավտոբուսի, որ մեզ տանում է կենդանի կյանքի ոլորաններով: Մտածում էի` կարմիր դագաղիս շուրջ հավաքվածները մեծ հետաքրքրությամբ կնայեին ջարդված մռութիս, կամ ձախ աչքիս բացակայության վրա կհրճվեին (թքա՜ծ):

Ու էլի չէի կարողանա ժպտալ, ցինիկաբար ծիծաղել բոլորի և ամենի վրա: Ա՜խ, իմ ավտոբուս:

Հ.Գ. Ուղեղիս վերջնական մթագնումից կես ակնթարթ առաջ մի բան է տպավորվել: Ես օդի մեջ սառել եմ ու ընդհամենը կես մատնաչափ հեռու ասֆալտն է` տեսածս վերջին բանը: Ջղաձգումից շուրթերս քթիցս առաջ են ընկել ու մի կես համբույր են նվիրում ասֆալտին:

Այո՛, էլի հիշել էի քեզ: