Չգրելով

Acta Non Verba

Ես ուզում եմ բանաստեղծությունը վերադառնա նրանց մոտ, ովքեր
վաղուց իրեն մերժել են, շարժի
մարդկանց հետաքրքրությունը, գոնե այնպես, ասես…

Վարդան Հակոբյան

 Տառերը ծնկել են կոկորդիդ, ու

լացդ ճնշում է նրանց. չորս տարի է` չես լալիս:

Մատներովդ ճզմում ես երակապատ աչքերդ,

ծամում ձեռքիդ տակ ընկած բարձը,

հոտոտում երեկվա երջանկությունդ ու

արտաշնչում հուսալքվածի պես:

Մատներդ պարզում ես դեպի պատուհանի լույսը, որ

զեբրաձև ճառագայթների հաճույք պարգևես աչքերիդ.

մոռանալու պատրանք:

Հետո էլի թերթեր կթերթես, ինքդ քեզանից կբանբասես հայելու առաջ,

անաշխատունակությունդ կբարդես ծխածդ վերջին տուփ ծխախոտի վրա, հետո

էլի թերթեր կթերթես:

Քո անկախությունն էլ ճիշտ մեր պետական անկախության պես է`

միաժամանակ սիրուհու կարգավիճակ:

Հետո էլ հացից կհրաժարվես, հետո տրանսպորտից,

հետո էլ սեռական հաճույքից:

Աշխարհի առաջ մերկանալն էլ չի բավի.

կշղարշես ամոթդ:

Գրելով էլ կլցնես հրաժարումիցդ առաջացած անդունդը,

որ երբեք չի լցվի, քանի որ

ճանապարհը ավելի գնահատեցիր, քան` նպատակը:

Չգրելով էլ մարդը կենցաղայնանում է,

սկսում քաղաքականությամբ զբաղվել,

լուծում Աֆրիկայի սովահարների հարցը,

պլաստիրինե ֆիգուրներ շինում`

հոգեկան բավարարվածության համար:

Հետո էլ բավարարվածությունից բավարարվում ես,

թքում հայելու վրա,

կրծում սեփական եղունգները, և ուրիշի,

ապականում սեփական մահճակալը,

գոռգռում քեզնից թույլի վրա,

ինքդ քեզ հակասում, հետո ինքնապաշտպանման համար

պնդում սխալիդ ճշտությունը:

Հետո սուրճ ես խմում,

հետո ծխում,

էլի խմում,

էլի ծխում,

մշուշոտում գիտակցությունդ,

անհանգստանում ստամոքսովդ ու լյարդովդ,

վազում քամու ուղղությամբ, որ ավելի արագ լինես.

շտապում,

շտապում,

շտապում,

շտապում,

շտապում:

Փոքր քրոջս ձուկը սատակեց. հիմա երկնքում է լողում:

Քույրս լացակումաց հարցրեց` մե՞նք էլ ենք սատակելու:

Դանդաղեցնելով քայլերդ` քեզ մոտեցնում ես ձորաբերանին`

քո նախավերջին կանգառին:

Վիզդ հարյուր ութսուն աստիճանով պտտեցնելով`

վերլուծում ես ճանապարհդ:

Չգրելով ապրում են.

շտապում,

շտապում,

շտապում,

շտապում,

շտապում:

1 անձև-իմաստավոր, 1 անձև-անիմաստ, 1 ձևավոր-իմաստավոր, 1 ձևավոր-անիմաստ երկտողեր

Ջուջունգա, ջուջունգա, Զի կետ,

Ու անցյալդ կտրվեց:

Աֆլան գուդի,սալալա,

մեջը բացեց, գիլինյու:

Ազատություն, եղբայրություն ու հավասարություն,

ՈՒ այդ ամենի վրա` իշխանություն:

Սիբաստյոլ գա, գուտյուշքար,

Ալմաստափոր` խուդուրբար:

Դատարկ բաներ

writing

Որ տողերը լուսավորում են երեսդ,

Որ կյանքդ լցնում ես ու տեղավորում տողերի արանքում,

Դա հաստատ է:

Կյանքիդ բացատրությունը թող տեղափոխվի դեպի լուսանցք:

Բացատրության փնտրտուքն անիմաստ է:

Կարևորը տողերին բազմած տառերն են, կենսագրությունդ,

Շարադրությունդ գրելու ձևն ու բովանդակությունը:

Սեփական սխալներն ուղղողն էլ ես չեմ,

Այլ` Ուսուցիչը, որ իր բոցավառ գրչով

Աղբն է նետում սխալներս:

Աթոռները շարեմ ու հոգիս պառկեցնեմ նրանց վրա:

Աչքերը թող շեղվեն լուսանցքներից,

Կենտրոնանան ստորակետերի ու

Միջբառային դատարկությունների վրա:

Տողերի ճերմակությունն ապահովում են միջբառային դատարկությունները:

Քո հոգու թռչունն էլ իր բույնն է հյուսել իմ

Կյանքի գրքի լուսանցքներում:

Նա միշտ կտցահարում է կյանքիս իմասը:

Ես ուշացել եմ:

Քո հոգու թռչունը ցատկել է լուսանցքներիցս ներս

Ու տրորել կենսագրությունս:

Նա կտցահարել է տառերս,

կերակրել ճտերին: