Համարակալված վզնոցներով դեղնականաչ ագռավներ

image

Չկապելով էս տողն հաջորդին՝
Ագռավներն անցան որբանոց։

Օ՜, երկնայի՛ն գետաձի,
Դո՞ւ ինչ ես ծխում։

Կուչ է եկել մաշկի մյուս կողմում ու
Քեռու օրորոցայինից գալարվում է.
Ցեղի սպանդի հիշեցումը մանկական չէ։

Աբուլը պլաստիրին էր բերել.
Իջոն չքաշեց, Մորֆը՝ ոնց կար՝ տենց։

Լամպերը թռան-կպան երկնային բորշին,
Վաղոն ֆրթացրեց վրայից,
Գայուշն արդեն Ստյոպի ականջն էր լպստում։

Երեքով մի թայվանուհու վզատակին
Մարգարիտներ շարեցին.
Այ հիմա կարող են գնալ տուն։

Տոշն, Աշոտն ու Աշը վերջին փողը տվին էդ վրացուն,
Ով լավ Թաթա կերգեր։

Լիլը պատմեց, որ իր առաջին-առաջվա սիրեցյալի երեխային տեսնելուց հետո
Էլ լոտո չի խաղում,
Կամ եթե խաղում էլ է՝ պարտությունը մտքում պահած։
Չէ՛, Լիլը էլ լոտո չի խաղում։

Մի կապտակարմիր ագռավ մեր դիմաց
Սատակեց։
Պե՞տք էր,
Բա էսքան խառնել պե՞տք էր,
Էն էլ էս գիշերվա կեսին,
Երբ չկա Աբուլի պլաստիրինը,
Թայվանուհու վզատակի մարգարիտները,
Տոշենց վրացին ու
Լիլի լոտոն։

Մի տասը տարի հետո
Էս ագռավի շիրիմին խոտեր աճեցին,
Արևը վրա տվեց,
Ֆոտոապարատն էլ միայն դեղնականաչ
Բծեր ցույց կտար։

Բա՞։

Advertisements