Թուրքի լավը

image

Չորսով էինք՝
ես, երկու թուրք ու մի սպիտակ՝
Բոլորս էլ ամերիկացի։

Սպիտակին զգուշացրինք,
որ տարածքում թշնամիներ կան։
Թուրքն ասաց՝
Հին պատմություն է։
Սպիտակը լուռ էր։

«Օձի գլուխ ուտելու
ու թուրքի արյուն խմելու» մանկական կոչերս հիշեցի,
Ինքն էլ ասաց , թե փիս մարդուն
«հայի սերմ»՝ «Ermeni tohumu» կասեն.
ասի՝
Մեզ համար միայն «թուրք» ասելն էլ վատ է։

Տղու հետ մի քիչ չինարեն բլբլացինք.
Խնդում էինք.
Ոչ դաժան բացահայտ ռասիստների խրախճանք էր:

Ինքը հարցրեց, թե հավատում եմ
Հայոց ցեղասպանությանը.
Ասի՝ փաստը հավատքի կարիք չունի.
Ասեց՝ բա Չանաքալը կռվող տղերքը
Ունե՞ին ժամանակ՝ գյավուր կոտորելու,
Ասի՝ քրդերն ունեին, հետո էլ
Կին , երեխա քշելու համար զորք պետք չի։
Ասեց՝ հա, էդ սեպարատիստ քրդերի …, ջհուդներինն էլ հետը՝ մեկ ա՝ հրեա սիրող չկա։
Խնդացինք.
Սպիտակը լուռ էր։

Ասեց՝ Պոլսի հայ բանկիրները պատերազմի ժամանակ
Թուրքին քցելով ու միլիոններ շահելով էին զբաղվում.
Ասի՝ կհավատամ՝ փաստը հավատքի կարիք չունի,
Բայց Խարբերդի Խոլա գյուղացի ապուտատիս մեղք ո՞րն էր։
Սպիտակը լուռ էր։

Էլի բզբզացին մի որոշ ժամանակ։
Կարգին, զարգացած թուրք զույգ էր՝
Հումորները տեղը։

Բոլորս մնացինք նույնը.
Թուրք՝ թուրք, հայը՝ հայ,
Բոլորս՝ ամերիկացի։

Կա թուրքի լավը,
Հրեայինը,
Հայինը,
Զուլուինը.
Մեջներս անհումորներն էլ կան։

Հետո ցրվեցինք տներով,
ուր հեռուստացույցով
Դոնալդ Տրամպը
Հսկայական պատ շինելու
Խոստումներ էր տալիս՝
Ուրիշների հաշվին։

Advertisements

Պոեմ կիսագրագետի

image

Մեռել, մեռել։
  Մոմ՝ անտեր, վարդ-վարդեր,
Ինչու՞ հիասքանչ։
  Հարավում նստած՝
Հյուսիսից չվողներին՝ բարև։

Նայե՛ք ինձ, փղե՛ր. գոմից հասել եմ ստեղ.
Բանտաժիս փիլիսոփայությունը անհավատին
այրել կուզի։

Ծիտ, ծիտ-սրտիկ,
Որ փափկեցրել է անտաշ հոգիս՝
Թռչել կուզի։ Կուզի՝ կու լա։

Քավորիս սև սառոշկեն
Դիակին դուրեկան է։
Էս, էդ սառոշկեն հագիս, վառել կուզիմ
«Ճիշտը մեկն ա»-ին «բայց»-ով կիսահամաձայնվողին։
    Մեռել, մեռել.
Չմեռած մեռել։

Համապարփակ միտք կազմելը տուֆտություն ա. ծաղիկ-մեռել։

Կերել եմ լոգիկան՝ հանուն ավտարիտետի՝ բարեգութ և գթասիրտ։

«Սիրի՛ր» , _ասին,
Ասի՝ Օքեյ։ (Վա՜յ, տենց չասի)

Սիրի՛ր մեռել։
Էսքամը։