bonum commune hominis
Ղռռոցը տապալում է լռությանը.
գաճաճներն առել են խառտոցները,
ու գործարանում աշխատանքը եռում է.
խառտում են ուղեղներ՝
Ղռռ, Ղռռ, Ղռռ, Ղռռ:
Օդը կանաչավուն-քիմիական է,
որ նստում է կոկորդիդ,
շարվում քթանցքիդ մազերի վրա,
հեռացնում երեկվա վարդաբույր գիշերը:
Ձանձրույթն էլ ճզմվել է՝
ի հաշիվ երջանկության:
Ձանձրույթը երջանկության անբաժանելի եղբայրն է,
էն հոտած ու անհետաքրքիր ընկերը,
որին, չգիտես՝ ինչու, միշտ կարոտում ես:
Աշխարհի փրկության ծրագրերդ ծալում, դնում ես ծոցագրպանդ.
_ Էս գաճաճների հետ աշխարհը փրկել չի լինի,
կամ չարժե,-
ասում է ԳերԵՍդ:
Հետո թողության պահանջմունքդ քեզ ստիպում է նոր տողեր շարել,
շարել ամենուր, շարել իրար գլխի՝ ծուռումռտիկ,
որ երբ հավասարակշռությունը կորցնեն,
դրանց փլուզումից հաճույք ստանաս:
_Կարծեմ, թե այն ամենն ինչ գրգռիչ է,
արվեստ է,_ասաց ամենաերկարավուն գաճաճը:
Մյուս գաճաճները գանգատուփ են բացել,
ու ուղեղի՝ տեսողության համար պատասխանատու հատվածի վրա
ծծմբաթթու են լցնում:
Այն բլթբլթում-ճլթճլթում է,
ու տեսածդ աշխարհը աչքիդ առաջ
եռում-ծորում է դեպի փողոցի անկյունի ջրահեռացման փոսը:
Կույր-կույր էլի տողեր ես շարում իրար գլխի.
ամեն երկրորդը սահում-ընկնում է,
տառերն էլ ցրվում ու ոտ առած փախչում են:
Դևերը մի ուրիշ պոետ են գտնում,
ու քեզ լքում.
Շազամ: