Էրնեկ ես անո՛ր կու տամ,
որ առեր իւր եարն է փախեր…
Ն. Քուչակ
Ես մետաղե մի մարդուկ շինեցի
ու անունն էլ դրեցի` Երջանկություն:
Հարցրեցի սալվադորցի ընկերոջս`
Ի՞նչ կանեիր Երջանկություն անունով մետաղե մարդուկի հետ,
ասաց, որ անունը կփոխեր` Խենթություն:
Էլի չհասկացված լինելու տանջանք:
Ես վերցնում եմ արարածս,
սեղմում կրծքիս,
եռակցում,
որ նա միշտ մնա
կրծքիցս կախ:
Բայց այդ<<միշտը>> միշտ երկար չի տևում:
Ես մաշկս քերթելով պոկում եմ նրան մարմնիցս,
արնոտած մետաղե մարդուկը մոտեցնում քթիս,
որ Երջանության հոտն առնեմ:
Հետո աչքերս էլ են արնով շաղախվում,
ու հետաքրքրասեր մանչուկի պես սկսում եմ փորփրել,
թե ի՞նչ կա իմ նոր խաղալիք-ընկերոջ մեջ:
Սկզբում պոկում եմ մարդուկի աջ ոտքը,
ու հող է թափվում`
ինձ սնող հողը:
Հետո պոկում եմ ձախը,
և ջուր է թափվում:
Աջ ձեռքից կրակ է հոսում,
ձախից էլ՝
քամի սառնորակ:
Հետո գլուխն եմ պոկում,
որ մահը լիարժեք լինի,
ու գլխից տառեր են հոսում,
բառեր`
հրեշտակային լեզուներով.
խառն է, Երջանկության գլուխը խառն է.
բռռա՜հ,
սռռա՜հ,
կոնկյուտո՛ն սիլիուս,
ասպե՜ր կիտիլիուս,
սռռա՜հ,
սռռա՜հ,
սռռա՜հ,
սռռա՜հ.
շազա՛մ:
Պատրաստվում էի իրանը նետել,
քանզի անգլուխ էր ու անպետք,
բայց կանգ առա:
Սկզբում քչփորեցի փորը.
ճիչեր թափվեցին,
հաճույքներ` արած ու չարած:
Երջանկություն անունով մարդուկս անսեռ էր,
այդ կողմերում քչփորելու բան չկար. դատարկ էր:
Հետո ձեռքս առա Երջանկության թոքերը.
այն թունդ ծխողի թոքերի պես սև էր ու ժանգոտ:
Ես տաշեցի այն, յուղապատեցի, ու տեղադրեցի նույն տեղում`
որպես կարևորագույն օրգան:
Երբ ողնաշարն էի առանձնացնում,
լյարդը նույնպես դուրս ընկավ,
իր պատռվածքից դուրս թքեց այն ամեն աղտն ու ախտը,
որ չէր կարողանում ֆիլտրել.
և նույնիսկ
աստծուն:
Ահա և հասա սրտին:
Մութ էր, այդ կողմերում մութ էր` դատարկության չափ:
Ես գտա այնտեղ
աղջիկ-փայտիկին.
նա գամվել ու պոկ չէր գալիս:
Ես շոյեցի նրան, համբուրեցի,
ու խաբելով դուրս հանեցի Երջանկության սրտից:
_ Այ հիմա դու ոչ մեկին պետք չես,_ ասացի
ու աղբաման նետեցի
շինածս
Երջանկություն անունով
մետաղ-մարդուկին:
Ինչ-որ մեկը գտավ իմ աղջիկ-փայտիկին,
նորոգեց ու տեղադրեց ավելի ապահով վայրում:
Ափիս է մետաղ-մարդուկի ոտքերի հողն ու ջուրը,
ձեռների կրակն ու քամին,
Էլի տառեր ու բառեր են հոսում բերանիցս,
Բայց կրծքիս դեռ դաճված է
Մետաղ-մարդուկի առանձնացումից առաջացած
դատարկությունը`
ճիշտ աղջիկ-փայտիկի չափով:
Ես մի մետաղե գնդասեղ վերցրեցի,
ու լցրեցի կրծքիս դաջվածքը,
որ դատարկ էր`
ճիշտ աղջիկ-փայտիկի չափով:
սռռա՜հ,
սռռա՜հ,
սռռա՜հ,
սռռա՜հ,
շազա՛մ: