Դու եկել ես՝
Ուղղելու մեջքս ծուռ,
Ժպտալու ու լուսավերելու
Դառնահամ դեմքս,
Արի ու չարի ջրբաժանը լցնելու.
Ողջույն:
Օտարի հողն համբուրած,
Ծունկի եկած ու չափազանց հեզ,
Կեղտամաշ կաշվիս աշխատաբույրը հոտոտած՝
Մեկնում եմ ձեռքս.
Բարի եկար:
Արի ու չարի հիշողություններս
Լվացի Խաղաղ Օվկիանում,
Բնականորեն ու բնազդորեն ատեցի օտարը,
Ինչպես հնդկական փիղը երբեք չի հարմարվի
Աֆրիկյան փղի հայրենիքին.
Բարի երեկո:
Լողավազան մաքրողի պես,
Մաքրեցի մռթիդ փառը,
Ու խաշնապուրի պես
Զուլալ,
Դեպի քեզ սրեցի
Կոշտացած մատիկներս.
Բարի լույս:
ՄԵՆՔ ներշնչեցինք քեզ ինքնորոշում և
Անկախություն և
Ազատություն՝
Ինքդ քեզ ստրկացնելու հավանականությունը բացառելով,
Իսկ դու
Շղթայեցիր քեզ:
Բարի:
Խորհրդանշեցիր նոր դարձն ու Ձուլումը՝
Գտնելով Ալքիմիկոսի երազած իմաստասերի քարը,
Բարի գնաս:
Գեղեցկուհի կինս էլ թիկն տվեց ինձ վրա,
Ասաց՝
Բարև:
Բարև,
Հայաստան:
Բարև….