Բարև

Hello

Դու եկել ես՝

Ուղղելու մեջքս ծուռ,

Ժպտալու ու լուսավերելու

Դառնահամ դեմքս,

Արի ու չարի ջրբաժանը լցնելու.

Ողջույն:

 

Օտարի հողն համբուրած,

Ծունկի եկած ու չափազանց հեզ,

Կեղտամաշ կաշվիս աշխատաբույրը հոտոտած՝

Մեկնում եմ ձեռքս.

Բարի եկար:

 

Արի ու չարի հիշողություններս

Լվացի Խաղաղ Օվկիանում,

Բնականորեն ու բնազդորեն ատեցի օտարը,

Ինչպես հնդկական փիղը երբեք չի հարմարվի

Աֆրիկյան փղի հայրենիքին.

Բարի երեկո:

 

Լողավազան մաքրողի պես,

Մաքրեցի մռթիդ փառը,

Ու խաշնապուրի պես

Զուլալ,

Դեպի քեզ սրեցի

Կոշտացած մատիկներս.

Բարի լույս:

 

ՄԵՆՔ ներշնչեցինք քեզ ինքնորոշում և

Անկախություն և

Ազատություն՝

Ինքդ քեզ ստրկացնելու հավանականությունը բացառելով,

Իսկ դու

Շղթայեցիր քեզ:

Բարի:

 

Խորհրդանշեցիր նոր դարձն ու Ձուլումը՝

Գտնելով Ալքիմիկոսի երազած իմաստասերի քարը,

Բարի գնաս:

 

Գեղեցկուհի կինս էլ թիկն տվեց ինձ վրա,

Ասաց՝

Բարև:

Բարև,

Հայաստան:

Մաքուր, մաքուր

OMNIA MUNDA MUNDIS
OMNIA MUNDA MUNDIS

Ամենամաքուր տողերը գրեցի այս գիշեր.

Փափուկով փաթաթեցի քեզ, ու պաղ ջրով լվացի հոգիդ,

Կիսաժպիտով արձագանքեցիր ու սիրտս կաթացրիր խաղաղությամբ լի հոգուդ մեջ.

Կաթ,

Կաթ:

 

Մեր շփումն էլ չեղավ ռադիոալիքների սովորական փոխանակում,

Այլ իրար կիպ սեղմված հականյութերի ձուլում:

 

Բաժանումն էլ լոկ ընդունիչի և արձակիչի խանգարում է.

Տեխնիկական խնդիր:

 

Մաքուրով սրբածդ փոշին կորավ.

Կաթ,

Կաթ:

 

Բողբոջեցիր իմ մեջ, և խթանեցիր իմ մետամորֆոզը, որ դառնամ այն, ինչ կամ՝

Քո մաքուր Մաքուրի գովերգողն ու…

Կաթ,

Կաթ: