Թափ կտամ բազուկներիս ուժին ու կորովի մատներովս կսեղմեմ գրիչը,
լեզվովս կարտահայտեմ մտքերս, և թող իմ շուրթերը կարողանան
իմաստուն մտքեր շշնջալ:
Մարդ` կենտրոն աշխարհի,
Ծնկի՛ իջիր ինքդ քո առաջ:
Օ՜, լուսնթա՛գ,
Պարուրի՛ր բիբս լույսով:
Սիրտդ բողբեջեց,
Ճեղքեց ոսկրե վանդակր.
Հեռացրու՛ գրիչը,
Տրվի՛ր անորոշ ջղաձգմանը,
Բա՛ռ կերտիր, ձուլի՛ր,
Լեզուդ հարմարեցրու շնչառությանդ,
Նվագի՛ր հոգուդ տավիղը:
Թող մուսան քեզ գլորի աշխարհի կենտրոնից,
Հանճարը քացի տա.
Վայելի՛ր վայրէջքդ`
Գրկի՛ր ԲԱՑԱԿԱՆ:
Օ՜, երկրի՛ տավղահար,
Մատներիդ հպումով կատարի՛ր երազանքը`
Ալքիմիկոսի:
Ականջդ ուսին,
Ու ժպտում ես.
Արաբ երեխաները քարկոծում են
Իսրայելական տանկը:
Խոկոկո, խոկոկո,
Ծիլը ծլեց, խոկոկո:
Բա՛ռ կերտիր, ձուլի՛ր,
Լեզուդ հարմարեցրու շնչառությանդ,
Նվագի՛ր հոգուդ տավիղը:
Ականջդ քնեց ուսիդ,
Ատամնաշարովդ զգացիր
Հոգեհանգիստդ,
Ու փռվեցիր բառերիդ, տառերիդ վրա:
Ո՞ւր կերթանք,
Հոգ չէ , հաջի՛ս,
Ճանապարհը կա՜.
Բա՛ռ կերտիր, ձուլի՛ր,
Լեզուդ հարմարեցրու շնչառությանդ,
Նվագի՛ր հոգուդ տավիղը: