_Մանկություն, երկինք, գնդակ, ժպիտ, անձրև, կոշիկներ, պատուհան …
_Ծառն այդ հոգնել է անվերջ ճկվելուց
_Աշուն էր արդեն, թեթև էին ճյուղերը
_Լավ են ճռռում չորացած տերևները, երբ բոբիկ ես լինում
_Գնաց…հետո…գնացին…հետո…գնացինք…
_Ծառը մենակ մնաց. հոգնել եմ աշունից: Բայց աշունը կապ չունի, մենությունն ամենուր է
_Հարևանի շունը մեկ տարի է` գռմռում է վրաս. Շո՛ւն, մենք մեկ տարվա ծանոթներ ենք
_Մեկ տարի, երկու տարի, երեք տարի… հետո կորցնում ես հաշիվդ: Ժամանակը միայն մահվան հետ կապվածություն ունի
_Տեսնես միաբջիջ ամեոբան սիրելո՞ւց է կիսվում …
_Հը՞…
_Հը՜մ …
_Հաճախ թաց հողի բուրմունքն էլ է ստիպում, որ զգաս ամբողջությունդ` մնալով կիսված …
_Տեսնես ինչո՞ւ բնության տարբեր տեսակներ իրար հետ սիրով չեն զբաղվում. ծառը` մարդու, ջրիմուռը` պինգվինի …
_Մանկապարտեզում սերն ուրիշ էր: Մեծերի խաղերը ձանձրացնում են: Մանկապարտեզում պետք չէր հորիզոնական պառկել` սիրելու համար
_Տեսնես ի՞նչ են մտածում կանայք: Մեքենայիս յուղը չեմ փոխել:
_Նույն ժամանակ կանայք մտածում են. ինչու՞ ամուսինս մեքենայի յուղը չի փոխել: Խանութից կզանգես, որ ասեմ` ինչ առնես: Երկինքն էսօր սիրուն է: Երևի խնջույք է:
_Տեսնես ինչ՞ են զգում փայտակեր միջատները: Երևի հոգին կռծելու պես բան է:
_Հիշողությանս մեջ պատուհաններ են
_Փակի՛ր դրանք, մրսում եմ:
_Եթե լինեյի Քրիստոսը: Երկու ժամը մեկ հրաշք կգործեի …
_Հա՛յր, ազատի՛ր ինձ իմ մեխերից, ոչ թե նրանց` իրենց մեղքերից
_Դրա համար էլ Քրիստոսը չես: Ցավի վախից առաջացած մարդկային էգոիզմ
_Քմծիծաղը խուտուտ է տալիս քիթս: Տեսնես Լիբիայի ժողովրդի վիճակն ի՞նչ եղավ
_Պարտադրված անտարբերությամբ փակվում են աչքերը: Ու նորից պատուհաններ
_Ասացի` փակի՛ր դրանք, մրսում եմ
_Նայի՛ր, կրծքերս մեծացել են
_Էն ընկերոջս ինչո՞ւ չեմ զանգահարում: Վայ, կրծքերդ մեծացել են