Day: 30.01.2012

  • Ժպտա՛

    Է՜հ, որդի՛ս, արդեն ութսունին մոտ պառավ կնիկ եմ: Ամուսինս արդեն եռեսուն տարի է` կողքիս չէ: Խեղճը շատ էր աշխատում, չնայած տուն բերածը մի բան չէր: Հազիվ հերիքացնում էր կոմունալ վճարումները կատարելուն և օրը մի կտոր ցամաք հացի:

    Մեր տան աշխատաողը ես էի, ու մինչև հիմա էլ մնում եմ ես:

    Գիտե՞ս՝ ինչ կարևոր գործի եմ եղել. ամբողջ սովետական միության երկրների ապրանքների ստանդարտավորումը մեր հիմնարկն էր կատարում: Մեզ նույնիսկ հեռավոր Սիբիրից փայտի նմուշ էին բերում, որպեսզի տեղավորենք որևէ ստանդարտի մեջ:

    Հա, գիտե՞ս` ինչ կարևոր գործ էր: Բա չէ, հիմա, ութսուն տարիներս շալակած համբալություն եմ անում ու տարածք մաքրում: Մաքրում ու մաքրում եմ ու այդպես ամեն օր: Հա՛, որդի՛ս, եթե ամբողջ աշխարհում փակվեն բոլոր աշխատատեղերը, հավաքարարի համար միշտ էլ գործ կճարվի. էտքան կեղտոտ է էս աշխարհը ու ամեն օր էլ ավելի է կեղտոտվում:

    Ամուսնացել եմ տասնհինգ տարեկանում: Ամուսինս ինձնից յոթը տարով մեծ էր: Այն ժամանակ չոԲան տղա էր, հետո միայն անցավ բանվորության: Ա՜խ այդ ինդուստրացումը: Իսկ կուլտուրական հեղափոխությունն ինձ ստիպեց զբաղվել կրթությամբ: Հա՛, ես գյուղի միակ աղջիկն էի, որ չնայած վաղ էի ամուսնացել, էն էլ չոԲանի հետ, սկսեցի զբաղվել կրթությամբ: Հենց այդ ժամանակ էլ ես ու ամուսինս տեղափոխվեցինք քաղաք:

    Է՜հ, որդի՛ս, էն ժամանակ իմ ասածը գոնե արժեք ուներ, իսկ հիմա՞: Տե՛ս, վատառողջ եմ, բայց էն գորիլլան ստիպում է ինձ էլի աշխատել. տո այ շան որդի, երբ որ ես իմ կին հալով կոմսոմոլի քարտուղար էի, քո տատիկը կոլխոզներում հասարակ կթվորուհի էր:

    Բայց դե, ի՞նչ արած, ես հիմա հասարակ հավաքարար եմ:

    Տասնվեց տարեկանս նոր էր լրացել, երբ ծնվեց առաջնեկս: Մեծ տղայիս վրա շատ եմ ուշադրություն դարձրել հենց ծննդյան օրվանից. տեսնես` հիշո՞ւմ է ինձ: Հետո ծնվեց աղջիկս, հետո ևս երկու տղա: Տղաներից հետո զույգ աղջիկներ ծնվեցին: Նրանցից մեկը մի շաբաթից քիչ ավել ապրեց:

    Ես` իրական կոմունիստուհիս, գիշեր ու զօր աղոթում էի Աստծուն, որ գոնե իմ կյանքի մնացած օրերն էլ բաշխի երեխայիս: Բայց դե, աթեիզմն արդարացվեց: Աստված արդեն եռեսուն տարի է` ինձնից խլել է ամուսնուս:

    Դրա փոխարեն ունեմ տասներկու թոռնիկներ, որոնցից տեսել եմ միայն յոթին: Մնացած հինգը ծնվել են իրական կոմունիստուհուս թշնամի իմպերիալիստական երկրներում, որտեղ էլ չվեցին մեծ աղջիկս ու միջնեկ որդիներս: Մեծ որդուս վրա շատ ուշադրություն դարձրի, բայց հույսերս չարդարացվեցին. ամուսնուս մահից հետո նա շիշը բերանից չի կտրում: Զարմանում եմ` ախր նա իսկի նորմալ մայրական կաթ չէր խմում այդպես հաճույքով:

    Այ իմ աչքի լույսը փոքր աղջիկս էր: Նա տունը մնաց, որովհետև ծնվել էր ֆիզիկական արատով` նրա աջ ոտքը ձախից հինգը սանտիմետրով կարճ էր: Շատերը կարծում էին, որ նա էլ իր զույգ քրոջ պես երկար չի ապրի, նամանավանդ, որ արատ ուներ: Բայց նա ապրեց շուրջ քսանյոթը տարի: Նրա մահվանից մեկ տարի անց էլ կյանքից հեռացավ ամուսինս` իմ կյանքի միակ տղամարդը:

    Ու հիմա ես մոտեցել եմ ութսունի շեմին: Եռեսուն տարի է` միայնակ եմ: Ինձ ոչ-ոք չի հիշում, բացի էս անտերից, որն ամեն օր ինձ ստիպում է էլ ավելի լավ աշխատել: Ախր, ես ինչքան էլ լավ աշխատեմ, ես աշխարհը, մեկ է, չի մաքրվի:

    Է՜հ, որդի՛ս, այսքան մաքրում եմ , մաքրու՜մ, բայց չեմ կարողանում մաքրել հիշողությունս:

    Այո՛, ամուսինս իմ կյանքի միակ տղամարդն էր:

    Ես նման չէի մեր գյուղի մնացած աղջիկներին: Ես ակտիվիստուհի էի և ունեի մեծ ձգտումներ: Ես ամեն ինչում նոր դարաշրջանի կին էի: Իմ հետամնացության մասին հուշում էր միայն այն հանգամանքը, որ ամուսնացել էի տասնհինգ տարեկանում: Բայց դա ինձ ավելի էր հզորացնում, չէ՞ որ այդքան երիտասարդ տարիքում ես արդեն հասուն կին էի.

     

    *

    *                     *

    Նա մեր հիմնարկի ֆինանսական բաժնի տնօրենն էր: Նրան դիմում էինք հայրանունով` Կոյրունիչ: Արտաքին գեղեցկությամբ չէր առանձնանում, ինչպես բոլոր համաշխարհային սրտակերները: Բավական վաղ տարիքում ամուսնացել էր և հետո արագ ամուսնալուծվել: Չնայած` ֆինանսական բաժնի տնօրենն էր և լավ էր հասկանում ֆինանսներից, ապրում էր համեստ կյանքով: Ի՞նչ արած, կոմունիզմ էր ու հավասարություն:

    Չնայած հավասարություն էր, բայց քեֆ անելուց նրան հավասարը չկար: Նա չգիտես` որտեղից տիրապետում էր Եվրոպայում և Ամերիկայում այդ ժամանակ բավական նորաձև պարերին: Դրանով նրա հմայքն ավելանում էր մի քանի անգամ:

    Ես գյուղացի աղջիկ էի, ակտիվիստ, վաղաժամ հասուն կին արարած ու իմ ասածն արժեք ուներ:

    Կորյունիչին շատերն էին սիրահհարված: Նրան և նրա շրջապատին էլ ավելի մոտիկ գտնվելու համար ես ավելի շատ էի ակտիվություն ցուցաբերում, և այդ էր պատճառը, որ ,ի վեջո, դարձա կոմսոմոլի քարտուղար:

    Նրա վրայից մշտապես բուրող սիգարետի բույրն ինչքան տհաճ էր թվում ուրիշների համար, այդքան հաճելի էր ինձ համար: Շատերը կարծում էին, որ չափից շատ ծխելը Կորյունիչի միակ թերությունն էր: Բայց ես այդպես չէի կարծում:

    Նրա աշխատասենյակը ապակեպատ էր և գտնվում էր իմ աշխատասենյակի ուղիղ դեմ դիմացը: Ես ժամերով զմայլվում էի նրանով: Նա իրար վրայից ծխում էր թունդ սիգարետները` իր աշխատասենյակ-կոլբան դարձնելով մասսայական սպանությունների համար նախատեսված գազային խցիկ: Այդ թանձրացող ծխի միջից ես նշմարում էի նրա դեմքը, որն ինձ ուղղակի նետում էր այլ աշխարհ:

    Է՜հ, որդի՛ս, ես էլ եմ ժամանակին ջահել եղել: Այս պատմության մասին գիտեմ միայն ես. դու էլ ավելացար. երևի տարիքս թույլ է տալիս կիսվել հիշողություններովս: Բայց խնդրում եմ` ուրիշներին չպատմես:

    Իսկ հիմա: Իսկ հիմա երեխաներս մոռացել են ինձ: Ամուսինս եռեսուն տարի է` ինձ է սպասում, բայց ես չեմ գնում, դեռ: Ես արդեն իսկ դրանով ցուցաբերում եմ անհնազանդություն, որ ես` չնայած ակտիվիստուհի, բայցևայնպես գյուղի աղջիկս, ստիպում եմ ամուսնիս սպասել ինձ այս էլ եռեսուն տարի:

    Գիտե՞ս, որդի՜ս, ինչո՞ւ եմ հիմա հավաքարարություն անում: Մենք բոլորս էլ գիտենք, որ էս աշխարհը, մե՛ կ է, չի մաքրվի:

    Այդ ամառ նա ինձ կանչեց իր ապակեպատ խցիկը:

    Չէ, չէ, ասել եմ չէ՞` ամուսինս իմ կյանքի միակ տղամարդն է եղել:

    Պարզվեց, որ գիտի նաև անունս: Նա բնականաբար պետք է իմանար, չէ՞ որ ես կոմսոմոլի քարտուղարուհին էի: Բայց ինձ համար կարևոր էր, որ նա գիտի անունս:

    Երբ մոտեցա, նա ինձ դիմեց անունով և խնդրեց լաթի կտոր, որպեսզի մաքրի սեղանին մնացած սուրճի և մոխրամանից դուրս պրծած մոխրի հետքերը: Ես համեստ կին էի և թույլ չտվեցի, որ նա մաքրի այդ հետքերը. ինքս արեցի: Հետո նա շնորհակալություն հայտնեց ինձնից և շատ հաճելի ժպիտ նետեց դեպի իմ կողմը: Այդ ժպիտն ինձ ամբողջ կյանքիս ընթացքում ուղեկցում է, նույնիսկ եռեսուն տարի առաջ, երբ հողին էի հանձնում իմ կյանքի միակ տղամարդուն:

    Հիմա ես հասարակ հավաքարար եմ: Բայց առաջ իմ խոսքն արժեք ուներ ու նման շան որդիներն իմ դիմաց ոչինչ էին:

    Մի բան էլ ասեմ, որդիս: Կորյունիչը բավական ուշ տարիքում մի որդի ունեցավ, չգիտեմ էլ թե որ կնոջից: Դրանից հինգը տարի հետո նա լքեց այս աշխարհը` մահանալով թոքի քաղցկեղից, որովհետև շատ էր ծխում:

    Ես հիմա մաքրություն եմ անում ու ինձ հետևում է Գարեգինի (անունը մոռացել էի քեզ ասել) ժպիտն ու էն շան որդու հաչոցը:

    Չորսը տարի է, ինչ այստեղ եմ աշխատում, եթե կարելի է էս համբալությունը աշխատանք համարել:

    Շեֆ կոչեցյալս սևուկ փոքրամարմին տղա է: Ու գիտե՞ս, որդի՛ս, թե ինչ է նրա հայրանունը: Այո՛: Շեֆ կոչեցյալս ամբողջ կյանքում չի ծխել, որովհետև հենց սիգարետն է եղել իր անհայր մեծանալու պատճառը:

    Ես հիմա նրա հավաքարարն եմ, բայց էս աշխարհը, մեկ է, չի մաքրվի:

    Միգուցե շուտով կատարեմ ամուսնուս տված հավատարմությանս խոստումը, քանի որ հիվանդ եմ:

    Է՜հ, որդի՛ս, արդեն ութսունին մոտ պառավ կնիկ եմ և ինձ էս աշխարհի վրա պահում է միայն Գարեգինի ժպիտը:

    Ժպտա՛:

    Մերձավան 02/22/2009 02:20