Դատարկ բաներ

writing

Որ տողերը լուսավորում են երեսդ,

Որ կյանքդ լցնում ես ու տեղավորում տողերի արանքում,

Դա հաստատ է:

Կյանքիդ բացատրությունը թող տեղափոխվի դեպի լուսանցք:

Բացատրության փնտրտուքն անիմաստ է:

Կարևորը տողերին բազմած տառերն են, կենսագրությունդ,

Շարադրությունդ գրելու ձևն ու բովանդակությունը:

Սեփական սխալներն ուղղողն էլ ես չեմ,

Այլ` Ուսուցիչը, որ իր բոցավառ գրչով

Աղբն է նետում սխալներս:

Աթոռները շարեմ ու հոգիս պառկեցնեմ նրանց վրա:

Աչքերը թող շեղվեն լուսանցքներից,

Կենտրոնանան ստորակետերի ու

Միջբառային դատարկությունների վրա:

Տողերի ճերմակությունն ապահովում են միջբառային դատարկությունները:

Քո հոգու թռչունն էլ իր բույնն է հյուսել իմ

Կյանքի գրքի լուսանցքներում:

Նա միշտ կտցահարում է կյանքիս իմասը:

Ես ուշացել եմ:

Քո հոգու թռչունը ցատկել է լուսանցքներիցս ներս

Ու տրորել կենսագրությունս:

Նա կտցահարել է տառերս,

կերակրել ճտերին:

Advertisements